Բավ է պառակտվել
16-01-2019 16:19

Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է իր խմբակցության՝ իշխանական ուժի “սիրելի ընդդիմություն” լինելու հարցը

Փոխխոսնակի և երկու մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները զբաղեցրել են “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամները ոչ թե “Իմ քայլի” համակրանքի կամ հակակրանքի պատճառով, այլ՝ օրենքով։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով այն հայտարարությանը, որ իր խմբակցությունը իշխանական ուժի “սիրելի ընդդիմությունն” է։ Փոխխոսնակի պաշտոնի համար ընդդիմության կողմից ներկայացվել են պատգամավոր Վահե Էնֆիաջյանը (“Բարգավաճ Հայաստան” խմբակցություն) և Մանե Թանդիլյանը (“Լուսավոր Հայաստան” խմբակցություն)։ “Իմ քայլը” իշխող խմբակցությունն իր աջակցությունն է հայտնել Էնֆիաջյանին, ով ստացել է 132 պատգամավորից 108-ի ձայնը։

“Բարգավաճ Հայաստան” խմբակցությունը իրավունք է ստացել նաև առաջադրել Մարդու իրավունքների և հանրային հարցերի (Նաիրա Զոհրաբյան) և Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման (Միքայել Մելքումյան) հանձնաժողովների ղեկավարների թեկնածությունները, իսկ “Լուսավոր Հայաստան” խմբակցությունը՝ Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի թեկնածությունը (Մանե Թանդիլյան)։

“Համաձայն Սահմանադրության երեք փոխխոսնակներից մեկը պետք է լինի ընդդիմությունից։ Քաղաքական իրականությունը պահանջում է հաշվի առնել ժողովրդի ձայնը (փոխխոսնակի ընտրության ժամանակ՝ խմբ.)”,- ասել է Զոհրաբյանը։

Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողով են անցել “Իմ քայլը” դաշինքը (70,42%), “Լուսավոր Հայաստան” (6,37%) և “Բարգավաճ Հայաստան” (8,26%) կուսակցությունները։ Ինչ վերաբերում է հանձնաժողովներին՝ Զոհրաբյանը նշել է, որ անկախ դրանց քանակից դ՛Օնտի մեթոդով հաշվարկի դեպքում երկուսը պետք է նախագահի ընդդիմությունը։
Այնուամենայնիվ, իշխող խմբակցության համաձայնությամբ, յոթերորդ գումարման խորհրդարանում ընդդիմությունը կնախագահի երեք հանձնաժողով։