Բավ է պառակտվել
15-09-2018 17:37

Նաիրա Զոհրաբյան․ հեղափոխությունը եղել է, որ Հայաստանում մեկ քաղաքական ուժի մենիշխանություն չհաստատվի

Սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները։ Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ յոթ տարի քաղաքապետի աթոռը զբաղեցրած Տարոն Մարգարյանը կոռուպցիոն սկանդալի արդյունքում հուլիսի 9-ին հրաժարական տվեց։ Սա հեղափոխության արդյունքում ընդդիմության իշխանության գալուց ի վեր առաջին ընտրություններն են Հայաստանում։ Ընտրություններին մասնակցում են ինն կուսակցություն և չորս դաշինք, սակայն մրցավազքի հիմնական ֆավորիտ են համարվում Հայկ Մարությանը (“Իմ քայլը” դաշինք), Նաիրա Զոհրաբյանը (“Բարգավաճ Հայաստան”) և Արտակ Զեյնալյանը (“Լույս” դաշինք)։
Gisher.news-ին տված հարցազրույցում Նաիրա Զոհրաբյանը պատմել է ի՞նչ է ակնկալում “Բարգավաճ Հայաստանն” ընտրություններից, ինչպե՞ս է պայքարելու հաղթանակի համար և ի՞նչ ծրագրեր է ցանկանում իրականացնել քաղաքապետի պաշտոնում։
- Տիկին Զոհրաբյան, ու՞մ եք Դուք այսօր հիմնական մրցակից համարում, և ինչու՞ Երևանի բնակիչները պետք է իրենց ձայնը տան “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը։
- Մենք չենք մտածում, թե ով է մեր հիմնական մրցակիցը, քանի որ մենք բոլորովին այլ խնդիր ունենք: Մեր նպատակն է նախընտրական քարոզարշավի այս կարճ ժամանակահատվածում բոլոր վարչական շրջաններում երևանցիներին ներկայացնել “Բարգավաճ Հայաստանի” ծրագիրը, խոշոր ներդրումային փաթեթները, որոնց շնորհիվ շատ կարճ ժամանակում Երևանը կարող է դառնալ մեկը՝ 21-ի դարի գերքաղաքներից, Եվրոպայի մշակութային կամ զբոսաշրջիկության կենտրոններից, կայուն և զարգացող քաղաք։ Այսօր պետք է հստակ ընտրություն կատարվի, սա ընտրություն չէ սպիտակի ու սևի, հայրենասերի ու դավաճանի, “դուխով” ու “ոչ դուխով” մարդկանց մեջ։ Խնդիրն այսօր պարզ է։ Սա ընտրություն է խոսքի ու գործի մեջ։ Եթե երևանցիներն ուզում են, որ լուծվեն իրենց խնդիրները, պետք է քվեարկեն այն ուժի օգտին, որն իրենց հստակ ներդրումային ծրագիր կներկայացնի։ Օրինակ՝ մենք արդեն աղբի վերամշակման գործարանի կառուցման պայմանավորվածություն ունենք միջազգային ներդրողի հետ։ Եթե երևանցիները չեն ուզում անվերջ խոսել մահվան վերելակների մասին՝ պետք է մեր օգտին քվեարկեն, քանի որ մենք պայմանավորվածություններ ունենք այլ լուրջ ներդրողների հետ քաղաքի վերելակային տնտեսության արդիականացման հարցում։ Եթե երևանցիները ցանկնում են հավերժ բողոքել տրանսպորտից՝ թող իրենց ձայնն այլ քաղաքական ուժի տան։ Իսկ մենք պայմանավորվածություններ ունենք միջազգային ընկերությունների հետ Երևանում էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ներդրման, պատմական շենքերի վերականգնման, քաղաքում ճոպանուղիների կառուցման, բուսաբանական այգու վերականգնման և այլ հարցերում։
- Ձեր կուսակցությունը բավականին հավակնոտ նախընտրական ծրագիր ունի, դուք շեշտը դնում եք ֆինանսական հնարավորությունների վրա: Նախկինում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն էր հայտնել անձնական միջոցներ ներդնել այդ ծրագրերի մեջ։ Դուք այստեղ շահերի բախում չե՞ք տեսնում, չէ՞ որ այդ ծրագրերն, այսպես թե այնպես, շահույթի ստացում են ենթադրում։
- Ես հիմա չեմ խոսում Գագիկ Ծառուկյանի ներդրումների մասին, ես խոսում եմ հեղինակավոր միջազգային ընկերությունների մասին, որոնց հետ Գագիկ Ծառուկյանը կոնկրետ ներդրումների մասին է պայմանավորվել։ Անհրաժեշտության դեպքում, նա, անշուշտ, միշտ պատրաստ է անձնական միջոցները ներդնել։ Աղբի վերամշակման գործարանի շինարարությամբ, օրինակ՝ խոստացել է զբաղվել մի ընկերություն, որը նման ձեռնարկություններ է կառուցել 1600 խոշոր քաղաքում։ Նրանք պատրաստակոմություն են հայտնել արդեն սեպտեմբերի 24-ից կազմակերպել քաղաքային աղբահանությունը քաղաքակիրթ մեթոդներով։
- Դուք ասում եք, որ չեք հետևում մրցակիցներին, սակայն ըստ Gallup-ի հարցման արդյունքների “Իմ քայլը” դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 39,9%-ը, իսկ Ձեզ և “Բարգավաճ Հայաստանի” համար՝ երևանցիների 11,8%-ը։ Շատ քիչ ժամանակ է մնացել մինչև ընտրությունների օրը։ Ինչպե՞ս է ԲՀԿ-ն մտադիր հաղթահարել այս պատնեշը։
- Կարծում եմ այստեղ որոշակի մանիպուլյացիա կա։ Ես հավատում եմ մարդկանց վերաբերմունքի իմ ընկալմանը։ Չի կարելի մոռանալ, որ այսօր ընտրությունն իմ և որևէ այլ թեկնածուի միջև չէ։ ”Իմ քայլը” դաշինքի օգտին քվեարկելիս քաղաքացիներն իրենց ձայները տալիս են ո՛չ թե Հայլ Մարությանին, այլ Նիկոլ Փաշինյանին։ Սա պարզից էլ պարզ է։ Ինձ չեն հետաքրքրում սոցհարցումները, ինձ հետաքրքրում է, թե ինչպես կքվեարկեն երևանցիները, իրենց ձայները կտան զգացմունքների՞ց ենելով, թե՞ կոնկրետ գործին հավատալով։
Այսպես թե այնպես, եթե ընտրություններն ազնիվ և ազատ անցնեն՝ մենք կհարգենք երևանցիների ընտրությունն, ինչպիսին էլ այն չլինի։
- Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այն փաստին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցում է ընտրողների հետ “Իմ քայլը” դաշինքի հանդիպումներին։ Ձեր կարծիքով, սա չի՞ խախտում հավասար մրցակցային պայմանները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանի հայտարարությունները մեծամասամբ քաղաքական բնույթի են և բացարձակապես Երևանի խնդիրների չեն վերաբերում։
- Փաշինյանի մասնակցությունը նախընտրական քարոզարշավին չի հակասում օրենքին, քանի որ դա արվում է ոչ աշխատանքային ժամերին։ Սակայն, երբ մի կողմ թողնելով քաղաքի խնդիրները, դիսկուրսը քաղաքական դաշտ է տեղափոխվում՝ իհարկե, խախտվում են հավասար մրցակցային պայմանները։ Մենք էլ կարող ենք այդպես վարվել, բայց հարգում ենք երևանցիներին և գիտենք, որ քաղաքի բնակիչներին բացարձակապես չի հետաքրքրում, թե ում “կփռեն” կամ “չեն փռի” ասֆալտին, դա չի լուծի վերելակների կամ աղբի խնդիրները։ Այո՛, շատ կարևոր է, որ բոլոր հանցագործները պատասխանեն օրենքի առաջ, որ նրանք, ովքեր պետք է բանտում լինեն՝ այնտեղ գտնվեն։ Սակայն սա կապ չունի Երևանի խնդիրների, նախընտրական քարոզարշավի և ավագանու ընտրությունների հետ։ Եթե ես վստահ լինեի, որ այս ճանապարհով կլուծվեն մայրաքաղաքի խնդիրները՝ մենք նրա հետ ռազմազգեստ (կամուֆլյաժ) կհագնեինք և բոլորին անխտիր դեմքով ասֆալտին “կփռեինք”։ Կարծում եմ, պետք է հարգել երևանցիներին և փորձ չանել նրանց զգացմունքերի հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքել։
- Հեղափոխության ժամանակ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն աջակցեց Փաշինյանին, իսկ այսօր ձեր միջև ասես “սև կատու” անցած լինի։ Կա արդյո՞ք մտավախություն, որ կարող է կրկնվել 2005թ․իրավիճակը, երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը պատերազմ հայտարարեց Գագիկ Ծառուկյանին։
- Այո՛, մենք աջակցեցինք ժողովրդին, և հիմա նույնպես համոզված ենք, որ դա ճիշտ որոշում էր, քանի որ Հանրապետական կուսակցությունը փաստորեն խեղդել էր երկիրը կոռուպցիայի և անօրինականության մեջ։ Սակայն մենք չենք կարող լռել, երբ սխալ ենք տեսնում։ Կարծում եմ, որ վերջապես մենք ապրում ենք մի երկրում, ուր ամեն կուսակցություն և քաղաքական գործիչ իրավունք ունի արտահայտել իր դիրքորոշումը, և դրան քաղաքական վենդետա չպետք է հետևի։ Սիրո և հանդուրժողականության հեղափոխությունն իրականացվել է, որպեսզի երկրում մեկ քաղաքական ուժի մենիշխանություն ու մոնոպոլիա չլինի։
- Եկեք վերադառնանք Երևանի խնդիրներին։ Մայրաքաղաքի կենտրոնի և ծայրամասերի միջև հսկայական տարբերություն է ենթակառուցվածքների զարգացման, բնակելի ֆոնդի, մշակութային կենտրոնների, ճանապարհների որակի և այլնի առումով։ Ինչպե՞ս եք դուք լուծելու այս խնդիրը։
- Սա իրոք կարևոր խնդիր է։ Իմ քաղաքապետ ընտրվելուց հետո ես մտադիր եմ հրահանգել ժամանակավորապես դադարեցնել Երևանի կենտրոնական փողոցների կրկնակի ասֆալտապատումը, քանի որ նախկին իշխանությունները տարիներ շարունակ գրպանել են քաղաքի բյուջեն՝ քաղաքի կենտրոնն ասֆալտապետելու համար “ատկատի” (փայադարձ, откат) միջոցով։ Ինձ համար Երևանը ծայրամասերից է սկսվելու։ Բոլոր մրցույթները բաց և թափանցիկ են լինելու, իսկ ասֆալտապատման մրցույթները հաղթած ընկերությունների հետ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերելու, որ ասֆալտի հետ խնդիրներ առաջանալու դեպքում իրենք պարտավորվեն յոթ տարի իրենց հաշվին վերանորգել ճանապարհը։ Այսօր Երևանի վարչական շրջանները, բացառությամբ կենտրոնի, վեր են ածվել քնելու շրջանների։ Մենք նախատեսում ենք ծայրամասերում մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված ծրագրեր իրականացնել․ կբացվեն, օրինակ՝ մինիպլեքս կինոթատրոնների ցանցեր, որոնք կաշխուժացնեն այդ շրջանները և, միաժամանակ, կբեռնաթափեն կենտրոնը։
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական խոստումների շարքում կա հին Երեւանի պատմական տեսքի վերականգման եւ պահպանման կետ։ Հին Երևանի մաս համարվող շատ շենքեր, այդ թվում՝ Աֆրիկյանների հայտնի առանձնատունը, Միրզոյան եղբայրների տունը, Հախնազարյանների տունը քանդվել են կամ ապամոնտաժվել։ Ավելին, գոյություն ունի այդ շենքերը մեկ այլ վայրում կանգնեցնելու ծրագիր, որի մեջ արդեն տասնյակ միլիոն դոլար է ներդրվել։ Դուք մտադի՞ր եք պահպանել այդ ծրագիրը։
- Մենք ունենք հին Երևանի պատմական տեսքը վերականգնելու մեր ծրագիրը։ Կա խոշոր ներդրող, ով պատրաստ է փրկել Արամի և հարակից փողոցներում դեռևս պահպանված շենքերը։ Այն շենքերը, որոնք նախկին իշխանությունները չեն հասցրել պետական գերակա շահի գոտի ճանաչել, սեփականաշնորհել և իրենց մտերիմներին փոխանցել՝ կվերականգնվեն։
Բացի այդ, մենք նախատեսում ենք ճոպանուղու միջոցով կապել Էրեբունի ամրոց -թանգարանը, Կասկադը և Մոնումենտը։ Դա ոչ միայն կբեռնաթափի երթևեկությունը կենտրոնում, այլև կփոխի Երևանի պատկերն՝ դարձնելով այն յուրահատուկ ։