Բավ է պառակտվել
25-10-2019 14:09

Նաիրի Հունանյանն ինձ համար դահիճ է, դահիճների պարագլուխ.Էդմոն Մարուքյան

Պետք է նայել, թե ովքեր են «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը մեղադրում իշխանությանը ծառայություններ մատուցելու մեջ։ Դա ասում են հանրապետականները, նրանց մոտ կանգնած մարդիկ, ովքեր չեն ուզում հայտնվել տարբեր քրեակատարողական հիմնարկներում, ԱԺ այսօրվա ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Կա խումբ, որը զբաղվել է հիմնական թալանով, և կա խումբ, որը քաղաքակիրթ դեմքերով արդարացրել է այդ թալանը։ Արմեն Աշոտյանը այդ խմբի մեջ է։ Հույս ունեմ՝ նա ոչ մի բան չի թալանել։ Ինչ վերաբերում է մեղադրանքներին, ԼՀԿ-ն ծառայություններ կարող է մատուցել առնվազն պետությանը», - նշեց բանախոսը։
Մարուքյանը անդրադարձավ նաև Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանի աշխատանքից ազատվելուն: Ասաց,որ այն ունի երկու բաղադրիչ:
«Առաջինն այն է, որ ԶՈՒ, ոստիկանության, ԱԱԾ ծառայողները չեն կարող քաղաքականությամբ զբաղվել կամ քաղաքական հայտարարություններ անել, իսկ նա ասել է, որ ոստիկանությունը դեմ է ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն», ասաց Մարուքյանը։

Լրագրողները Մարուքյանից հետաքրքրվեցին արդյոք ցանկություն չի ունեցել հանդիպելու Նաիրի Հունանյանի հետ՝ վերջինս նշեց, որ բազմիցս եղել է Նաիրի Հունանյանի խցի մոտ, բայց երբեք ցանկություն չի ունեցել նրան տեսնելու:

«Նաիրի Հունանյանն ինձ համար դահիճ է, դահիճների պարագլուխ։ Նա, իհարկե, ունի իրավունք՝ դիմելու համապատասխան ընթացալկարգով, բայց համոզված եմ, որ վաղաժամկետ ազատ արձակման նրա խնդրանքը չի բավարարվի», - նշեց բանախոսը։
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատվելու խնդրանքով։ Վերջինիս դիմումին պատասխան կտրվի մինչև դեկտեմբերի 1-ը։

 

Արմինե Գևորգյան