Բավ է պառակտվել
12-03-2015 13:00

Ադրբեջանը հատեց բոլոր կարմիր գծերը.ԱԳՆ

Սովորաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները փորձում են լինել չեզոք եւ հասցեական հայտարարություններ չանել, բայց, քանի որ Ադրբեջանը հատեց բոլոր կարմիր գծերը, հունվարի 27-ին համանախագահները` ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, հանդես եկան հասցեական հայտարարությամբ, որտեղ կոչ էին անում Ադրբեջանին դադարեցնել հրադադարի ռեժիմի խախտումները: Այս մասին հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Միջնորդները կոչ էին անում Բաքվին չքննադատել Մինսկի խմբի համանախագահներին, չքննադատել բանակցային գործընթացը, այսինքն` ցուցաբերել առավել կառուցողական մոտեցում, որպեսզի հնարավոր լինի հասնել կարգավորմանը: Այն, որ Ադրբեջանը հրահրում է լարվածությունը մեր տարածաշրջանում, ակնհայտ է»,-ասել է Նալբանդյանը: Նրա խոսքով՝ վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանը ավելացրել է իր ռազմական բյուջեն` հասցնելով այն 163 մլն ԱՄՆ դոլարից գրեթե 5 մլրդ ԱՄՆ դոլարի` ասել է թե` 30 անգամ մեծացրել է իր ռազմական բյուջեն: «Դժվար թե հնարավոր լինի գտնել միջազգային հարթակում մի այնպիսի պետության, որը 30 անգամ մեծացրած լինի իր ռազմական բյուջեն: Ադրբեջանը ոչ միայն իր ռազմական բյուջեն է մեծացնում, այլեւ սպառնում է նոր ռազմական գործողություններով, նոր պատերազմով: Բոլորին հայտնի է, որ պատերազմը խնդրի լուծման միջոց չէ, եւ բոլոր պատերազմներից հետո պետք է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Իսկ այսօր մենք հնարավորություն ունենք շարունակելու բանակցությունները` Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Համանախագահները` ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամները` ԱՄՆ-ն, Ռուսաստանն եւ Ֆրանսիան, նախագահների մակարդակով՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հանդես են եկել 5 հայտարարություններով: Հայաստանը պատրաստ է կարգավորման գնալ վերոնշյալ հայտարարությունների հիմնան վրա»,-ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը: Հարցին, թե արդյոք ուկրաինական ճգնաժամը որեւիցե ազդեցություն ունի՞ հետխորհրդային տարածաշրջանումում այսպես կոչված սառեցված հակամարտության վրա, Նալբանդյանը պատասխանել է. «Դուք գիտեք, որ Ադրբեջանի կողմից սադրանքների եւ հրադադարի ռեժիմի խախտումների արդյունքում տարածաշրջանում լարվածությունն առկա էր նաեւ մինչ Ուկրաինայում իրավիճակի սրումը: Համանախագահները կոչ էին անում ստեղծել հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմ: Ադրբեջանը հրաժարվեց: Համանախագահները կոչ էին անում հրադադարի ռեժիմի ամրապնդման միջոցներ ընդունել: Ադրբեջանը հրաժարվեց: Համանախագահները կոչ էին անում դուրս բերել դիպուկահարներին Արցախի եւ Ադրբեջանի շփման գծից եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանից: Ադրբեջանը կրկին անգամ հրաժարվեց: Այսինքն` իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի վրա, քանի որ հենց Ադրբեջանն է հրաժարվում համանախագահների վերոնշյալ առաջարկություններից, այդ թվում եւ վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ բոլոր մնացած առաջարկություններից»: