Բավ է պառակտվել
14-04-2016 13:04

Նալբանդյան. Բանակցային սեղանի վրա Կազանի համաձայնագիրն է

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի գլխավոր էությունն այն է, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Սա կարմիր թելով անցնում է բոլոր փաստաթղթերի միջով: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ասել, որ բանակցային սեղանին հայտնված փաստաթուղթն այդքան էլ շահեկան չէ հայկական կողմի համար, իսկ Ադրբեջանը ստիպված ռազմական գործողություններ է սկսում, մի փոքր տարօրինակ է հնչում: Դա դիլետանտիզմ է»,- նշել է նախարարը:
Էդվարդ Նալբանդյանը, որոշակի մանրամասներ ներկայացնելով բանակցային գործընթացից, նշեց, որ աշխատանքային փաստաթուղթ հաշվվում է այն փաստաթուղթը, որը եղել է կողմերի միջև քննարկման առարկա: Այդպիսի բազմաթիվ փաստաթղթեր են եղել, և երբ դրանց շուրջ բանակցությունները չեն հաջողվել, դրանք փակ փաթեթով հանձնվել են ի պահ Վիեննայում ԵԱՀԿ-ի գլխավոր գրասենյակին:
«Գիտե՞ք, որ փաստաթուղթը տրված չէ ի պահ Վիեննայում, Կազանի փաստաթուղթը: Ուրեմն համապատասխան մնացած բոլոր մեկնաբանություններն ավելորդ են: Կան տարբեր գաղափարներ, բայց հեծանիվ հնարելու պատճառ չկա: Հայտնի են սկզբունքները և հայտնի են տարրերը»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:
Հարցին, թե Ղարաբաղն Ադրբեջանի կազմում երբեք չլինելու դրույթից հնարավոր է որևէ հետքայլ, Նալբանդյանը պատասխանեց, որ. «Եթե հասարակությունը սրանից հետ քայլ չի կարող անել, ապա ոչ ոք չի կարող անել»:
Էդվարդ Նալբանդյանը նաև կարծիք է հայտնել, որ պետք է շարունակել բանակցությունները և բացառապես խաղաղ ճանապարհով գտնել հիմնախնդրի կարգավորման հնարավորությունը: «Կարծում եմ այդ հնարավորությունն առկա է»,- նշել է նա:
Նախարարի խոսքով` որևէ ռազմական գործողություն, որևէ պատերազմ հարցերը չի կարող լուծել: «Բոլոր ռազմական գործողություններից հետո ամբողջ պատմության ընթացքում կողմերը վերադառնում են բանակցային սեղանին և նորից սկսում են բանակցությունները: Որևէ մեկը կարիք չունի ռազմական նոր գործողությունների, նոր պատերազմների»,- ամփոփել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: