Բավ է պառակտվել
02-04-2015 16:47

Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին: Նախարարները մտքեր փոխանակեցին գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում առկա իրավիճակի, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, անդրադարձան Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։ Այս հարցերի շուրջ ելույթով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հանդիպմանը քննարկվեցին ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցերը, անդրադարձ արվեց ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը, ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին։ Նախարարները քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի 2014թ. դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը։ Նիստին Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովը ներկայացրեց ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության առաջնայնությունների իրականացումը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան զեկուցեց կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին հրավիրված էր և ելույթ ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը։ Նիստին մտքեր փոխանակվեցին ՀԱՊԿ-ի ու ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպությունների միջև համագործակցության շուրջ։ ախարարները որոշեցին 2015թ. ՀԱՊԿ անունից կատարվելիք հայտարարությունների տասը թեմաները, որոնցից երեքը՝ Հայաստանի նախաձեռնությամբ։ Նախարարները Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ ընդունեցին համատեղ հայտարարություն։