Բավ է պառակտվել
10-01-2022 12:45

Ղազախստանում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածությունը չի նվազում. Փաշինյան (հեռարձակում)

Ղազախստանում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության նվազում չի նկատվում, Ղազախստանում տիրող իրավիճակի շուրջ ՀԱՊԿ շրջանակներում կայացած քննարկումների ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երկուշաբթի օրը ՀԱՊԿ երկրների ղեկավարները տեսակոնֆերանսի ձևաչափով արտահերթ հանդիպում են անցկացրել՝ քննարկելու իրադարձությունների զարգացումը Ղազախստանում, որտեղ մի քանի օր շարունակ ընթանում են հակաահաբեկչական գործողություններ և տեղակայվել են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը։ Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Ցավոք, պետք է արձանագրենք, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տեսանելի նվազում չի նկատվում, և մենք շարունակում ենք բախվել նոր տեսակի սպառնալիքների»,- ասել է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետի խոսքով, Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակն առանձնահատուկ անհանգստություն և մտահոգություն է առաջացնում՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներգրավվածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման առնչությամբ։

«Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվել ենք մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների ի հայտ գալուն։ Հուսով ենք, որ ՀԱՊԿ-ի շրջանակում բարեկամ Ղազախստանին օգնելուն ուղղված ջանքերը կօգնեն հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնել երկրի բնականոն կյանքը»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առանցքային առաջնահերթություններից է կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդումը։

«Ելնելով դրանից՝ մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրները համատեղ ջանքեր կգործադրեն այդ մեխանիզմների հետագա կատարելագործման համար, ինչն, անկասկած, կծառայի ինչպես անդամ երկրների միջև փոխգործակցության հետագա զարգացմանը, այնպես էլ կազմակերպության համապատասխան կառույցների ու մեխանիզմների ամրապնդմանը»,- շեշտել է նա։

Հունվարի 5-ին Տոկաևը դիմել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ խնդրելով օգնություն ցուցաբերել հանրապետությանը՝ հաշվի առնելով նրա ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգը։ Հունվարի 6-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կազմակերպության Հավաքական խաղաղապահ ուժերը Ղազախստան ուղարկելու որոշման մասին։ Հունվարի 9-ին նրանք ավարտեցին իրենց տեղակայումը Ղազախստանում։ Խաղաղապահները պահպանում են կարևոր ռազմական, պետական ​​և սոցիալական նշանակության օբյեկտները Ալմաթայում և քաղաքի հարակից տարածքներում:

Ղազախստանում բողոքի ցույցերը սկսվեցին հունվարի 2-ին՝ հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման պատճառով։ Դրանք վերաճեցին դաժան բախումների ցուցարարների և իրավապահների միջև: Անկարգությունների ֆոնին կառավարությունը հրաժարական տվեց. Երկրում հայտարարվեց արտակարգ դրություն։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը գլխավորեց հանրապետության Անվտանգության խորհուրդն՝ այդ պաշտոնից հեռացնելով պետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին։ Նույն օրը Տոկաևը դիմեց ՀԱՊԿ գործընկերներին՝ աջակցություն խնդրելով ճգնաժամի պայմաններում։ Հունվարի 6-ին Ղազախստան ուղարկվեցին ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները, որոնց կազմում են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերը։

Հաղորդվում է, որ Ղազախստանում անկարգությունների ժամանակ մահացել է 164 մարդ, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ։