Բավ է պառակտվել
09-06-2020 15:36

Մեր հետախուզությունը շարունակում է վերահսկել հակառակորդին. ՀՀ պաշտպանության նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է իր տեսլականը պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ։
Տոնոյանը հիշեցրել է, որ կառավարության ծրագրում ամրագրել են պարտականության զգացողությունն առաքելության զգացողությամբ փոխարինելու մթնոլորտի կայացման հրամայականը և վերջին երկու տարիների ընթացքում որդեգրել են «Անել առավել, քան...» կարգախոսը:
«Այս մոտեցումն արդեն իսկ մեզ հնարավորություն է ընձեռել կոտրելու տասնամյակներով ձևավորված և հայկական բանակում արմատավորված շատ կաղապարներ՝ զինծառայողների կենցաղային պայմանների և սննդի կազմակերպումից մինչև զինատեսակների ընտրություն, մարտական հերթապահության կազմակերպումից մինչև ռազմադիվանագիտական քայլեր, մարտավարական խնդիրներից մինչև ռազմավարական որոշումների կայացում: Կարող ենք արձանագրել, որ սկսվել է ռազմական մշակույթի փոփոխության և ժառանգություն ստացած ու իրենց դարաշրջանը վաղուց ապրած սովորությունների վերացման դժվարին, բայց անշրջելի գործընթաց։ Միևնույն ժամանակ, մեզ դեռևս չի հաջողվել արմատախիլ անել այնպիսի երևույթներ, ինչպիսիք են միջանձնային հարաբերություններում առկա մերժելի բարքերը, որոշ ոլորտներում ոչ համակարգային, բայցևայնպես առկա կոռուպցիոն դրսևորումները, ամբողջովին արմատավորել առաքելության ընկալման և առաջնորդության իրականացման, հաշվետվողականության, պլանավորման և իրագործման պրոֆեսիոնալ մշակույթը և այլն: Երևույթներ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են մեր բոլորի և մեզանից յուրաքանչյուրի միտքը, քայլը, ջանքը և ներդրումը, անհաջողություններից չընկճվելու և համառորեն առաջ շարժվելու ունակությունը», - նշել է Տոնոյանը։
Պաշտպանության նախարարն ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգային միջավայրը դրական փոփոխությունների չի ենթարկվել:
«Ընդհակառակը, մեր տարածաշրջանում և նրա մերձատարածքում օրեցօր մեծանում է կոնֆլիկտայնությունը, ավելին` համաշխարհային համավարակը ժամանակավորապես սահմանափակել է համագործակցային հնարավորությունները, իսկ անմիջական ռազմական բնույթի սպառնալիքները շարունակում են խիստ հավանական մնալ: Ուստի, հուսալի պաշտպանության համակարգը, առաջին հերթին՝ ժամանակակից և մարտունակ բանակը, շարունակում է մնալ Հայաստանի և Արցախի կայուն զարգացման համար անհրաժեշտ արտաքին անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում համայն հայության և առաջին հերթին՝ Արցախի Հանրապետության ժողովրդի կամքը թելադրողի դիրքերից հանդես գալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենսատարածքում երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ ձևավորելու հիմնական գրավականը», - իր տեսլականը ներկայացրել է նա։
Ըստ Դավիթ Տոնոյանի՝ անցած ժամանակահատվածում բանակի խնդիրները չեն փոխվել։
«Մեր զինծառայողները շարունակում են տեղակայված մնալ մեր հակառակորդի հետ դեմ հանդիման՝ Հայաստանի պետական սահմանի և Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով՝ ակտիվորեն կիրառելով տեխնիկական նոր միջոցներ, մարտական հերթապահության կատարելագործված ձևեր և եղանակներ: Մեր ստորաբաժանումները շարունակում են զորավարժությունների և վարժանքների ընթացքում հղկել և կատարելագործել իրենց մարտական խնդիրները՝ յուրացնելով նոր սերնդի սպառազինությունն ու հարձակողական մարտավարությունը։ Մեր հետախուզությունը շարունակում է վերահսկել հակառակորդին՝ ավելի խորը և ավելի մեծ ընդգրկվածությամբ, մեր ՀՕՊ համակարգը շարունակում է իր ամենօրյա հերթապահությունը՝ բոլոր բարձրությունների վրա թիրախավորելով ավելի ու ավելի շատ հավանական թիրախներ, մեր ավիացիան շարունակում է օդում լիակատար գերազանցության հասնելու գերձայնային ընթացքը՝ յուրացնելով նոր սերնդի բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները, մեր ինժեներական և ռադիոէլեկտրոնային համակարգերն օրեցօր մեծացնում են ցամաքում և օդում հավանական հակառակորդի գործողությունների ճնշման կարողությունները...
Բանակի խնդիրներին համապատասխան չեն փոխվում նաև պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման հիմնանպատակները, սակայն փոխվում են դրանց հասնելուն ուղղված խնդիրները, գերակայությունները և ռեսուրսների հատկացման առաջնահերթությունները, քանզի բանակի զարգացումը շարունակական, մշտապես ադապտացվող, ավելին` արտաքին մարտահրավերների հետ ինտերակտիվ և մրցակցային գործընթաց է՝ արտաքին մարտահրավերների վրա ներգործությամբ և դրանց ազդեցությունը կրելով։ Ըստ այդմ, հասնելով կոնկրետ նպատակի, մենք պետք է մեր առջև նոր «բարձունքների հասնելու» խնդիր դնենք, ավելին` թերանալով որևէ խնդրի կատարման գործընթացում, պետք է բազմապատկենք մեր ջանքերն ու գտնենք առավել արդյունավետ այլընտրանքային լուծումներ», - նշել է ՀՀ պաշտպանության նախարարը։

 

 

Արմինե Գևորգյան