Բավ է պառակտվել
13-07-2020 12:39

Մեր զինված ուժերն ի վիճակի են և կպահպանեն ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը․ Փաշինյան

«Ուզում եմ արձանագրել, որ մենք գիշերվանից կապի մեջ ենք եղել մեր միջազգային գործընկերների հետ և տեղեկացրել ենք իրավիճակի վերաբերյալ և շարունակում ենք այդ հաղորդակցությունը, կառավարության արտահերթ նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Կառավարության նիստում տեղեկացրեց, որ երեկվանից նախարարությունը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:

«Դրան զուգահեռ՝ մենք նաև կապի մեջ ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ և ՀԱՊԿ անդամ պետությունների հետ, և սա նույնպես շարունակական է: Բնականաբար, այդ առումով մեր աշխատանքը մնացած բոլոր գործընկերների հետ շարունակական է, ընթացիկ է, և մենք թափանցիկորեն տեղեկացնում ենք ընթացքի և բոլոր այն զարգացումների մասին, որ տեղի են ունենում այդ ուղղությամբ»,- ասաց Մնացականյանը:

Ի հավելումն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ Հայաստանի զինված ուժերը վստահորեն տիրապետում են իրավիճակին: «Չկա որևէ կասկած: Մեր զինված ուժերն ի վիճակի են և կպահպանեն ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը»,- շեշտեց ՀՀ վարչապետը:

Ըստ Փաշինյանի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը։
«Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունությունը հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ, որտեղ անվերապահ աջակցություն են հայտնում Ադրբեջանի գործողություններին»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտը` իրենց հայտնի դրդապատճառներից ելնելով։ «Հնարավոր է՝ գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ, որի համատեքստում աչքի է զարնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, այդ թվում` ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ՝ նրանց ուղարկելով անհեռանկար գործողությունների»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ սրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին։ «Ստացվում է՝ որքան տարածվում է համավարակը Ադրբեջանսում, որքան սրվում է սոցիալ-տնտեսական վիճակը, այնքան սրվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հակահայկական ու ռազմատենչ հռետորաբանությունը»,-ասաց նա:

Վարչապետը վստահեցրեց, որ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում։ «Կոչ եմ անում անվերապահ զորակցություն հայտնել ՀՀ զինված ուժերին, զինվորներին, հրամանատարներին, որոնք այս պահին ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում, նրանք պետք է ունենան ամուր թիկունք, կոչ եմ անում վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

 

Արմինե Գևորգյան