Բավ է պառակտվել
07-05-2020 14:44

Մեր աշխատանքները այս համատարած սենսացիոն և լայքաբեր տեղեկատվական հոսքերում տեղ չգտան․Էրիկ Գրիգորյան

Շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության կողմից կատարած աշխատանքը, նշելով, որ բոլոր գործողություններում առաջնորդվել են միայն պետական շահով և ՀՀ քաղաքացու առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքն ապահովելու ձգտումով:

Էրիկ Գրիգորյանը մասնավորապես գրել է.
«Սեփական դիմումի համաձայն ազատվել եմ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, ցանկանում եմ հանդես գալ վերջին երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվությամբ։
Աշխատանքները իրականացվել են նախարարության և ենթակա կառույցների ջանքերով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում մեր թիմին, հպարտ եմ Ձեզնով։
Այո, մեր աշխատանքները այս համատարած սենսացիոն և լայքաբեր տեղեկատվական հոսքերում տեղ չգտան և հնչեղություն չստացան, միգուցե շատ զբաղված էինք համակարգ կառուցելով քան աղմուկ հանելով։
Շրջակա միջավայրի նախարարության ողջ անձնակազմը, չնայած հնչող քննադատություններին ու հաճախ անարդար վերաբերմունքին, արել է առավելագույնը՝ տասնամյակներով ժառանգած խնդիրները լուծելու համար։
Չի կարող կառուցվել և հզորանալ որևէ պետություն, եթե չհարգվի պետական ծառայողի աշխատանքը՝ առաջին կարգի մասնագետից մինչև վարչապետ և նախագահ։
Մեր բոլոր գործողություններում մեզ առաջնորդել է միայն և միայն պետական շահը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքի ապահովումը։
Շնորհակալություն եմ ուզում հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության իմ գործընկերներին՝ համագործակցության ու միասնական ջանքերի համար։
Ի վերջո, շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գործն է՝ անկախ մասնագիտությունից, աշխատավայրից և նախասիրություններից»։
Իրականացված աշխատանքը պայմանականորեն բաժանել եմ խմբերի՝
Սևանա լիճ
Հիդրոէլեկտրոկայաններ
Կառուցվածքային, իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ Անտառային ոլորտ, անտառվերականգնում և պահպանություն
Բնության հատուկ պահպանվող տարածքներ և կենսաբազմազանություն
Միջազգային համագործակցության շրջանակներ
Հանրային իրազեկում

Հիշեցնենք, Էրիկ Գրիգորյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարար էր նշանակվել «թավշյա հեղափոխությունից» հետո` 2018–ին ։

Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էրիկ Գրիգորյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից:

 

 

 

Արմինե Գևորգյան