Բավ է պառակտվել
03-12-2019 20:19

Աբու Դաբիի թագաժառանգն ու «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տերը հիասթափված հեռացել են. Ծառուկյան


«Ես փաստացի, դոկումենտալ եմ խոսում, ոչ թե հաճոյանում եմ, ուզում եմ գովաբանել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գործարար, իր խնամի Խաչատուր Սուքիասյանի այն հայտարարությանը, թե կոռուպցիայի վերացումն արդեն իսկ տնտեսական հեղափոխություն է, ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Տնտեսական հեղափոխությունը կոռուպցիայի հետ ոչ մի կապ չունի: Կոռուպցիան հիմնականում բյուջեի հետ է կապված, տենդերներին մասնակցելու-չմասնակցելու, իսկ տնտեսական հեղափոխությունը ոլորտների զարգացումն է, որ պետք է ոլորտներում գումար դնես, զարգանա, որ մարդիկ կարողանան փող ստանան։ Այսօր ոչ թե պետությունն է պայմաններ ստեղծում ներդրումների համար, այլ ես իմ սեփական միջոցներով»,-նկատեց նա։
Ծառուկյանը պատմեց, որ հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան է եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, մինչդեռ Երևանի քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը հաջող չի անցել:
«Կարող եք անձամբ ճշտել ճարտարապետից՝ Մեսչյանից և քաղաքապետից: «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տերը երկու հյուրանոց էր ուզում կառուցել Երևանի կենտրոնում, որ զբոսաշրջությունն ավելի զարգանար, իսկ թագաժառանգը իր հոր անունով հիվանդանոց էր ուզում կառուցեր, անվճար, որ կարիքավորները կարողանային դրանից օգտվել: Նրանք հանդիպել են քաղաքապետի ու ճարտարապետի հետ ու հանդիպումը կես ժամ է տևել ու մարդիկ հիասթափված դուրս են եկել, իրենց ներդրումենրի մասին մոռացել են», - ասաց Ծառուկյանը:
Իսկ թե ինչու են մերժել ԲՀԿ առաջնորդը խորհուրդ տվեց հարցերն ուղղել քաղաքապետին և ճարտարապետին: «Ես կասեմ, որ ամեն մարդ պետք է իր աշխատանքին տիրապետելով՝ իր գնահատականը տա, ոչ թե ճարտար, բայց դատարկ-դատարկ խոսելով»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:
Ծառուկյանը անդրադարձավ բամբակի արտադրություն հիմնելու ծրագրերին. «Իմ գործընկեր թագաժառանգի հետ արդեն պայմանավորվել էինք, որ Հայաստանում կառուցենք սիլիցիումի գործարան: Փողերը փոխանցած է, գործարանը կա, նախագիծը պատրաստ է, միայն պետք է տեղափոխել: Հանքը կա Եղեգնաձորում, գործարանը կառուցում էինք Արարատում, ցեմենտի գործարանի մոտ: Հողը մեր սեփականությունն էր: Միայն պետք է կատեգորիան փոխվեր, որ արոտավայրը դառնար արտադրական: Մեկ մլրդ ներդրում էր արվում եւ 1,5 տարում մեր հողի կատեգորիան չփոխեցին: Էդ մարդը հիասթափվել է ու չի ուզում շարունակել:
ԲՀԿ առաջնորդը հերքեց նաև, որ իշխանությունների կողմից իր առջև երբևէ պայմաններ են դրվել իր հանդեպ լավ վերաբերմունքի համար:
«Իմանալով Ծառուկյանի քաշը, հզորությունը, դիրքը՝ այդպիսի բան ոչ ինչ որ մեկը ռիսկ ա արել ինձ ասի, ոչ էլ կարա», ասաց Ծառուկյանը՝ հավելելով. «Ես մնացածի նման չեմ, այդպիսի բան չի կարա լինի: Ծառուկյանն ինչ մտածում ա՝ ասում ա, ոչ թե մտածում ա՝«վայ հանկարծ իմ հետևից կընկնեն, էս կանեն են կանեն»: Ծառուկյանն ուզում ա լիարժեք լավ բան անի իր պետության, ժողովրդի համար»:
Հարցին, թե ինչո՞ւ են գործարարները ձգտում մոտ լինել իշխանությունների հետ՝ Ծառուկյանն ասաց.
«Որ գործերը լավ լինի: Ասա՝ էսօր բացի Ծառուկյանից ո՞ւմ են ստուգում: Սերժ Սարգսյանի օրոք ստուգել են, Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, հիմա նորից դրել են, ես էլ ասում եմ՝ ստուգեք, բայց ստուգելուն ձև կա, չափ կա: Էս երկրում մենակ Ծառուկյա՞նն ա սեփականտեր, հեղափոխությունից հետո ի՞նչ փոխվեց, մենակ էլի Ծառուկյանի՞ն պիտի ստուգեն, իրեն ցավն էլ տանեմ, ստուգում են, թող ստուգեն»:
Դիտարկմանն արդյոք հիասթափված է հեղափոխությունից՝ ԲՀԿ առաջնորդն ասաց, որ ինքը հիասթափված չէ՝ հավելելով. «Ոչ մեկն էլ չպիտի հիասթափվի, կյանքը շարունակվում է»:

 

Արմինե Գևորգյան