Բավ է պառակտվել
17-10-2022 10:45

ՆԱՏՕ-ն միջուկային զսպման զորավարժություններ է սկսում

Հյուսիսատլանտյան դաշինքը հայտնում է, որ երկուշաբթի օրը դաշնակիցների ռազմաօդային ուժերը սկսում են միջուկային զսպման ամենամյա Steadfast Noon զորավարժությունները:

Օդային զորավարժություններին, որոնք տեղի կունենան Բելգիայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային ծովի տարածքների վրա և կտևեն մինչև հոկտեմբերի 30-ը, կմասնակցի ՆԱՏՕ-ի 14 երկրի 60 ինքնաթիռ։ Այդ նպատակով ԱՄՆ ռազմաօդային ուժերը Եվրոպա կուղարկեն B-52H ռազմավարական ռմբակոծիչների խումբ, որոնք կարող է միջուկային զենք կրել, նշում է «Ինտերֆաքս»-ը։

Միաժամանակ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ զորավարժությունները պլանային են, կապված չեն համաշխարհային արդի իրադարձությունների հետ, և ինքնաթիռները մարտական զենք չեն կրի։

Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի տվյալներով՝ ԱՄՆ-ն Եվրոպայի և Թուրքիայի բազաների զինանացներում ունի 100 միջուկային ռումբ։

0.3, 1.5, 60 կամ 170 կիլոտոննա փոփոխական թողունակությամբ միջուկային B61-3 ռումբերը և 0.3, 1.5, 10 կամ 45 կիլոտոննա փոփոխական թողունակությամբ B61-4 ռումբերը տեղակայված են Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Իտալիայի և Թուրքիայի ավիաբազաների ստորգետնյա պահեստներում։Մասնավորապես, Ռեյնլանդ-Պֆալց (Բյուխել, Գերմանիա), Կլայնե- Բրյուգել (Բելգիա), Վոլկել (Հոլանդիա), Ավիանո (Իտալիա) և Ինջիրլիք (Թուրքիա) ավիաբազաներում ԱՄՆ զինվորականների հսկողության ներքո պահվում է 20 միջուկային ռումբ։ .

Ավիառումբերը կարող են օգտագործել F-15E, F-16C/D և Tornado մարտավարական կործանիչ-ռմբակոծիչները։

Այս ռումբերը նախատեսվում է փոխարինել նոր տարբերակներով՝ B61-12 (0,3, 1,5, 10 կամ 50 կիլոտոննա թողունակությամբ)։ 2015 թվականին առանց մարտագլխիկի այս մոդիֆիկացիան փորձարկվել է ԱՄՆ Նևադա նահանգում։

Հին մոդելներին փոխարինման եկող նոր ավիառումբի յուրահատկությունը պոչի բլոկն է։ Դա ռումբը դարձնում է ավելի կառավարելի եւ ճշգրիտ, ինչը հնարավորություն է տալիս ոչ թե պարաշյուտով իջեցնել այն, այլ գցել բարձր թռչող ինքնաթիռից։ Նետված ռումբն ինքնավար կերպով մղվում է դեպի շատ կիլոմետրեր հեռավորությամբ գտնվող թիրախը, անհրաժեշտության դեպքում «ուղղվելով» դեպի այն։