Խորհրդարանը քիչ առաջ 88 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
ԱԺ-ն իրավունք ունի՞ չեղարկել Սահմանադրական հանրաքվեն. այո, ունի, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը նախարարից հետաքրքրվեց՝ տեխնիկական փոփոխություններից բացի՝ ՍԴ բովանդակային փոփոխություններ նախատեսվո՞ւմ են: Ռուստամ Բադասյանը չհամաձայնեց ձևակերպման հետ, թե փոփոխությունները տեխնիկական բնույթի են՝ նկատելով, որ փոփոխություններն ինքնին բովանդակային են:
Իմ քայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր հերթին հետաքրքրվեց՝ պահպանվելո՞ւ է ՍԴ անդամների կենսաթոշակի իրավունքը: Նախարարը դրական պատասխան տվեց:
«ՍԴ փոփոխություններիի լեգիտիմ նպատակը շեշտադրվել է թե՛ Վենետիկի հաննձաժողովի կարծիքում, թե՛ ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ», - ասաց Ռուստամ Բադասյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նկատեց, որ այս մեկուկես տարվա ընթացքում ՍԴ-ն ունեցել է ինքնուրույն վերափոխվելու հնարավորություն, սակայն, ցավոք, դա տեղի չի ունեցել:
«Մենք մնում ենք այն համոզման, որ տեղի են ունեցել անընդունելի զարգացումներ, իսկ սահմանադրական հանրաքվեն կլիներ լավագույն տարբերակը՝ իրավիճակը շտկելու համար, սակայն հասկանալի է, որ չենք կարող այն իրականացնել: Հետևաբար, գալով ընդհանուր եզրահանգումների, ՀՀ հանրության ուշադրությանն ենք ներկայացնում այն նախագիծը, որն այսօր դրվել է քննարկման ԱԺ-ում:
Իսկ իմ քայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ իրենք անցել են բավականին փշոտ ճանապարհ, և այսօրվա Սահմանադրությունը և ժողովրդավարությունն անհամատեղելի են: Նա հարց բարձրացրեց, թե արդյոք նախկինում ՍԴ որոշումները գրվել են ՍԴ-ում, թե նախագահական պալատում և կասկած հայտնեց, որ այսօր էլ գրվում են որոշակի փաստաբանական գրասենյակներում:
«Սահմանադրական դատարանի միակ գործառույթը եղել է լռությունը, լռությունն այն հարցերի նկատմամբ, որոնք օրակարգային են եղել ժողովրդի համար, լռությունը՝ համատարած ունեզրկման, թալանի նկատմամբ, և երբ որ նրանց բամփում են, այդ ժամանակ նրանք գիտեն, թե ինչ է լռությունը, իսկ այս իշխանությունը, որը չի բամփում, սկսել են տարբեր կողմերից խոսել»,-ասաց նա:
Նշենք, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման կդրվի այսօր: Մինչ այդ պատգամավորները կարող են երեք ժամվա ընթացքում գրավոր ներկայացնել նախագծի վերաբերյալ իրենց առաջարկները:
Հիշեցնենք՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չէին մասնակցում ԱԺ արտահերթ նիստին:
Արմինե Գևորգյան