Բավ է պառակտվել
27-11-2015 22:00

Ռուս ընդդիմադիր գործիչը կոչ է արել պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ի պատասխան Թուրքիայի քայլի

Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ Սերգեյ Նավալնին հայտնել է, որ Ռուսաստանը պետք է պատասխան քայլ ձեռնարկի Թուրքիայի դեմ՝ Սու-24 ինքնաթիռի խոցման առնչությամբ, և առաջին քայլը պետք է լինի Հայոց ցեղասպանության ճանաչումը:  
«Կարծում եմ՝ մեր առաջին քայլը, հավի և զբոսաշրջիկների հետ կապված այդ կեղծավոր հիմարության փոխարեն, պետք է դառնա Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: Պահն իդեալական է, միջոցը՝ քաղաքական, բայց՝ Թուրքիայի համար չափազանց ցավոտ: Դա հենց «ախ դուք այդպես, մենք էլ ուրեմն այսպես» ոլորտից է և մեծ արձագանք կունենա: Հարկավոր է դրանից սկսել»,- գրել է Նավալնին: 
Նա հավելել է, թե «Wikipedia-ում գրված է, որ Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել են» և նշել, որ այո, կա Պետդումայի հայտարարություն 1995 թվականին Ցեղասպանության դատապարտման մասին:

«Բայց մենք քաղաքական սիմվոլիզմի մասին ենք խոսում: Հայոց ցեղասպանությունը կարելի է անվերջ ճանաչել (ինչը որոշ երկրներ անում են): Կարելի է բարձրացնել ճանաչման մակարդակը: Կարելի է, ինչպես Ֆրանսիայում, պատժել ցեղասպանության մերժման համար: Կարելի է դատապարտել երկրներին, որոնք չեն ճանաչում ցեղասպանությունը: Կարելի է սահմանել հիշատակի օրեր: Կարելի է աշխատել միջազգային ճանաչման ուղղությամբ: Պետք չէ մտածել՝ մեկ անգամ ճանաչվել է և այլևս բան չկա անելու»,- գրել է նա՝ բացատրելով, որ դա դիվանագիտություն է, հասարակական կարծիք: 
«Թուրքիայի համար հերթական և ակնհայտ քայլն այդ ուղղությամբ շատ և շատ ցավոտ կլինի»,- գրել է նա: