Բավ է պառակտվել
20-03-2020 16:30

Նախագահ Ա․ Սարգսյանը պետք է ասեր` եղբայր, աշխարհի շուրջ կորոնավիրուս է, ի՞նչ հանրահավաքի ժամանակ է

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր առավոտյան հայտարարվեց ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների նոր թիվ՝ 115։ Սա պաշտոնական թիվ է։ Ինչքանով է այն ճիշտ՝ գիտեն դրա հրապարակողները։ Եվ այսպես, ՀՀ-ում վարակի տարածման տեմպերն ավելի բարձր են, քան Վրաստանում կամ Ադբեջանում։ Ինչո՞ւ։ Այդ ինչպե՞ս պատահեց, որ Վրաստանը, որտեղ զբոսաշրջությունն ավելի մեծ տեղ ունի, քան մեր մոտ, անգամներ ավելի քիչ են վարակվել։ Նիկոլ Փաշինյանը պնդում է` դե կորոնավիրուս ամեն տեղ կա, մեզ մոտ էլ կա։ Ոչ եղբայր, խորամանկում ես, մեզ մոտ շատ կա` հարևանի համեմատ և դրա համար հատուկ պատճառներ կան։ Որո՞նք են։

1. Հանրաքվեն։ Ես չեմ քննարկում` այդ հանրաքվեն որքանով է օրինական կամ ապօրինի։ Բայց երբ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9-ին ստորագրում էր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած` ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու ԱԺ օրենքը, նա պետք է այնքան պրոֆեսիոնալ լիներ, որ ասեր` եղբայր, աշխարհի շուրջ 6 տասնյակ երկրներում կորոնավիրուսով 39.800 հիվանդ կա, ի՞նչ մի հանրահավաքի ժամանակ է։ Բայց այս կոմֆորմիստ անսկզբունքայինի համար պետության հաշվին հանգիստ կյանք վայելելը վեր է ամեն բանից։ Եվ նա ստորագրում է օրենքը՝ խստորեն խախտելով պետության գլխի իր սահմանադրական պարտականությունները։

Ապա սկսվում է քարոզարշավը։ Երբ մարտի 7-ին Նիկոլ Փաշինյանը Գյուլագարակում քարոզարշավ էր անում, նա գիտեր որ աշխարհի արդեն 110 երկրներում կա 106.2 հազար հիվանդ, մեկն էլ Հայաստանում է։ Իշխանությունը բացարձակեցնելու մոլուցքով տառապող այս մարդը շարունակում է միտինգներ անել` զուգահեռաբար մեզ հրամցնելով «թու-թու-թու», «կորոնավիրուսն ում շունն է» անտեղի արտահայտությունները։ Շուտով ինքն է խոստովանում, որ Մեղրու ճանապարհին շփվել է կորոնավիրումսով հիվանդ մեկի հետ։ Այդ մեկին ցույց են տալիս նրա հետ բեմահարթակին կանգնած։ Նիկոլ Փաշինյանը ստոպ չի տալիս, շարունակում է հավաքները՝ կորոնավիրուս տարածելով։ Եվ միայն ամսի 12-13-ին է նկատում, որ այս կետով վարակ է տարածում, ինքնամեկուսանում է Սևանում։

Այսպիսով, Արմեն Սարգսյանն և Նիկոլ Փաշինյանը քրեական պատասխանատվություն են կրում ՀՀ-ում վարակի տարածման դեմ պայքար չտանելու և մի բան էլ դրան նպաստելու համար։ Եթե կա այս երկրում արդար իրավական համակարգ, ապա այն անմիջապես պետք է իրավական հետապնդման ձեռնամուխ լինի։

2. Քաղավիացիան և Տաթևիկ Ռևազյանը։ Ճակատագրական նշանակություն ունեցավ Տաթևիկ Ռևազյանի (հիմա նա երկրից փախել է՝ ծննդաբերության պատրվակով) Ռյան Էյրի ժամանումը Հայաստան։ Ես մի կողմ եմ դնում այդ մութ և ոչ թափանցիկ գործարքը (մի օր սրանով ևս քրեական հետապնդում է իրականացվելու)։ Գործարքի իմաստը սա էր. ՀՀ-ն Եվրոպա մեկնելու, իսկ ոմանց համար արտագաղթելու էժան տարբերակ էր ստեղծել։ Լավ, երբ որ այս չվերթները բացվում էին, կորոնավիրուսի մասով միայն ահազանգներ կային Չինաստանից։ Բայց հետո՞։ Փետրվարի կեսերին այլևս պարզ էր, որ հենց Իտալիան է Չինաստանից հետո ամենավտանգավոր օջախն աշխարհում ու հենց Միլան քաղաքը։ Ոչ Տաթևիկ Ռևազյանը, և ոչ էլ Նիկոլ Փաշինյանը մատ մատներին չեն խփում` չվերթները փակելու։ Մարտի 10-ի կողմերը Իտալիայից ժամանած մի խեղճ Էջմիածնեցի կին են գտնում ու սկսում քարկոծել, թե ինչո՞ւ ես տղայիդ նշանդրեքին մասնակցել։ Բա ի՞նչ աներ։ Քարկոծող եք, Նիկոլ Փաշինյանին և Տաթևիկ Ռևազյանին քարկոծեք։ Այդ կինն ի՞նչ մեղք ունի։

3. Արտադրամասը։ Այս արտադրամասի անունն այսպես էլ մնաց՝ «հայտնի արտադրամաս»։

Նիկոլ Փաշինյանն այնքան նուրբ է, որ ասում է. «Արտադրամասը գաղտնիք չէ, ուղղակի զուտ կոռեկտությանս առումով, ինչպես մենք հիվանդացած մարդկանց անունները չենք նշում, զուտ էթիկայի առումով, այնպես էլ ընկերության անունը չենք նշում, բայց կարող եմ ասել, որ արտադրաամասը գտնվում է Երեւանի Շենգավիթ համայնքում եւ Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է» (տես նրա հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերությանը, մարտի 18-ին)։

Ինչպիսի» նրբանկատություն։ Հետո էլ ասում եք՝ Նիկոլ Փաշինյանը կոպիտ է։ Չի կարող արտադրամասի անունը տալ, տիրոջը տեղը չի բերում։ Իսկ սա այն նույն հայտնի օլիգարխն է, որին Նիկոլ Փաշինյանն իր կյանքի նախավարչապետական հատվածում քլնգում էր, իսկ հետվարչապետական հատվածում ախպերացել է։ Նույնիսկ արտոնություններ է տվել արտադրական գործունեություն ծավալելու համար։ Նիկոլ շատ մի ատիր, սիրել կա։ Եվ ապա այս պարոնը, շահույթի մոլուցքով տառապող, Իտալիայում կորոնավիրուսի ծաղկման օրերին ինստրուկտոր է ընդունում։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի ասում, երբ ասում է, որ նա իբր թե առողջապահության նախարարաության հսկողության տակ էր։ Սրիկան ջերմությունն իջեցնող հաբեր էր ընդունում։ Այդ ի՞նչ հսկող էր, որ հազը չէր նկատում։ Կամ՝ հսկող չկար, կամ էլ ֆուֆլո էր։ Այդպես խոսելով` Նիկոլ Փաշինյանը պարզապես իր եղբայր օլիգարխին է պատսպարում։ Խնդիրը շատ պարզ է. ևս մեկ քրեական հետապնդում էլ այս գործարանատիրոջ նկատմամբ պետք է իրականացվի։ Կարծում եմ` իրավապահ մարմիններն ի վիճակի կլինեն սահմանել այս գործարանատիրոջ-օլիգարխի անուն ազգանունը։
Շարունակելի…»: