Բավ է պառակտվել
09-06-2014 13:51

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի թագուհուն ծննդյան օրվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և Նորին Գերազանցություն Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնին:

Նախագահը տոնի առթիվ բարեմաղթանքներ է հղել Թագուհուն, արքայական ընտանիքին ու բրիտանացի ժողովրդին և վստահություն հայտնել, որ բնականոն կերպով զարգացող հայ-բրիտանական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և խորանալ՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության:

Վարչապետ Դեյվիդ Քեմերոնին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առկա բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը՝ նոր հեռանկարներ ստեղծելով փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Հանրապետության Նախագահն իր շնորհավորական ուղերձում բարգավաճում և շարունակական առաջընթաց է մաղթել Միացյալ Թագավորությանը:

Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի կապակցությամբ այսօր այցելել է նաև Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն, տոնի կապակցությամբ շնորհավորել դեսպան Քեթրին Ջեյն Լիչին, դեսպանատան աշխատակիցներին: Նախագահը բարեմաղթանքներ է հղել ամբողջ անձնակազմին, հաջողություններ մաղթել նրանց՝ հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման և զարգացման ամենօրյա գործունեության մեջ: