Բավ է պառակտվել
11-12-2014 18:30

ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին՝ դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտելու կապակցությամբ:Սերժ Սարգսյանը Հայաստանի իշխանությունների եւ անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել դեսպան Պավլյուկին Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակաշրջանը պատվով եւ հաջողությամբ ավարտելու համար՝ ընդգծելով, որ պարոն Պավլյուկի վրա, որպես Հայաստանում ԵԽ գրասենյակի առաջին ղեկավարի, մեծ պատասխանատվություն էր դրված:Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հաջորդ դեսպանը նույն նվիրումով եւ եռանդով կշարունակի իր նախորդի գործը: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում եւ բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:Սարգսյանի խոսքով, ինչպես Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ դառնալուց տարիներ առաջ, այնպես էլ այսօր, որպես ԵԽ անդամ, Հայաստանն օգտվել եւ օգտվում է կազմակերպության փորձագիտական ներուժից, ինչն էական նշանակություն ունի մեր երկրի օրենսդրությունն ու պրակտիկան եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելու, Հայաստանի հատուկ եւ կանոնադրային պարտավորությունները կատարելու առումով:Օլեքսանդր Պավլյուկը եւս արդյունավետ է համարել Հայաստանի հետ իր գլխավորած գրասենյակի համագործակցությունը եւ անցած երկու տարիներին Հայաստան-ԵԽ Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ մեծածավալ աշխատանքը՝ նշելով, որ ժողովրդավարական գործընթացները խորացնելու եւ ամրապնդելու նպատակով, ՀՀ արտգործնախարարության եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ քննարկվում է նոր՝ 2015-2017թթ. Գործողությունների ծրագիր մշակելու հարցը:Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ դառնալուց հետո առաջին անգամ, 2013թ. մայիսի 16-ին վեց ամիս ժամկետով ստանձնելով ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը, Հայաստանը հաջողությամբ իրականացրեց իր առաքելությունը, որը ԵԽ-ում արժանացել է նաեւ կազմակերպության ղեկավարության դրական գնահատականներին:ԵԽ-ի հետ մեր երկրի արդյունավետ համագործակցությունը նախագահ Սերժ Սարգսյանը պայմանավորել է նաեւ այն հանգամանքով, որ Հայաստանի եւ ԵԽ-ի նպատակներն ամբողջությամբ համընկնում են: Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Օլեքսանդր Պավլյուկին՝ հետագա գործունեության մեջ եւ հույս հայտնել, որ նա Հայաստանից կտանի լավագույն հիշողություններ եւ կշարունակի լինել Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը