Բավ է պառակտվել
09-09-2014 16:30

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հորդանանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Նուր Օսման Յուսեֆ Բալքարը:Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ դեսպան Բալքարն իր փորձն ու գիտելիքներն ամբողջությամբ կներդնի ի նպաստ երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման: Ընդգծելով, որ հայ-արաբական բարեկամական հարաբերությունները գնում են դեպի դարերի խորքերը, Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ հիմքի վրա էլ Հայաստանը հարաբերություններ է զարգացնում արաբական երկրների հետ, որտեղ, նրա խոսքով, անշուշտ, կարևոր դերակատարություն է հատկացնում նաև Հորդանանին:

Սերժ Սարգսյանը և դեսպան Բալքարը համակարծիք են եղել, որ միջպետական հարաբերությունների ամրապնդման և մի շարք ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է նպատակաուղղել ջանքերը: Այդ համատեքստում կարևորվել է իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչը, կողմերի համոզմամբ, զգալիորեն կխթանի նաև առևտրատնտեսական կապերը: Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել միջազգային կազմակերպությունների, հատկապես՝ ՄԱԿ-ի շրջանակներում փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության մասին:Հորդանանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ ջանք չի խնայի իր պաշտոնավարման ժամանակաշրջանում Հայաստանի և Հորդանանի միջև բարեկամական կապերն ավելի սերտացնելու համար: