Բավ է պառակտվել
28-05-2014 15:45

Նախագահը մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը:

 

Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Տոնակատարության շրջանակներում Նախագահն ընդունել է Պատվո նվագախմբի հանդիսավոր քայլերթը, հանդիսության մասնակիցների հետ դիտել տոնի առթիվ մշակութային կատարումը:
Տոնակատարությունից հետո, Սերժ Սարգսյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որտեղ տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պարգևատրման արարողությունը:


Նախագահ հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, արվեստի ու սպորտի բնագավառների, Սփյուռքի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև Հայոց բանակի մի խումբ զինծառայողների: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ և պարգևատրման արարողության մասնակիցներին հանձնել պարգևները:


«Այն փաստը, որ այս արարողությունը տեղի է ունենում Սարդարապատում, առանձնահատուկ խորհուրդ ունի: Սրանով մենք ընդգծում ենք մեր ժողովրդի տարբեր սերունդների կապն ու ժառանգականությունը: Սրանով մենք շեշտում ենք, որ մեծ հաշվով բոլորի արած գործը նույն ուղեծրում է: Դա հայոց պետականությունն է, նրա պատմությունն ու ներկան: Զինվորականը, ուսուցիչը, գիտնականը, արվեստագետը, բժիշկը մենք բոլորս մեկ ուղեծրում ենք, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն:


Սիրելի՛ պարգևատրվածներ, մաղթում եմ ձեզ, որ ձեր գործով և վարքով արժանի լինեք այն սխրանքին, որ մեր նախնիները գործել են այս սրբազան դարձած վայրում: Շնորհակալ եմ ձեր համբերատարության համար և ուզում եմ ասել, որ մենք, իհարկե, գիտակցաբար ավելի շատ մարդկանց հրավիրեցինք այստեղ պարգևատրվելու, որովհետև, իրոք, ես համարում եմ՝ սա առանձնահատուկ տեղ է, և առանձնահատուկ շնորհ է այստեղ պարգև ստանալը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ պարգևատրվելու առթիվ»,-ասել է Հանրապետության Նախագահը:
Սերժ Սարգսյանը Սարդարապատում նաև շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: