Բավ է պառակտվել
11-06-2014 16:36

Մեզ համար Ավստրիան բարեկամ պետություն է և վստահելի գործընկեր է.ՀՀ նախագահ (լուսանկարներ)

Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ավստրիայի Հանրապետություն: Այսօր առավոտյան կայացել են Հայաստանի և Ավստրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Հայնց Ֆիշերի առանձնազրույցը, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-ավստրիական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր:

Մասնավորապես՝ երկու երկրների նախագահներն ստորագրել են Ավստրիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների և գործընկերության մասին հռչակագիրը, ապա նախագահների մասնակցությամբ ստորագրվել են «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ավստրիայի Հանրապետության գիտության, հետազոտությունների և էկոնոմիկայի դաշնային նախարարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին համատեղ գործողությունների ծրագիրը», «ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագիրը»:

Այցի շրջանակներում ստորագրվել է նաև երկու համաձայնագիր՝ «Արտահանման վարկային համաձայնագիր «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ համերգասրահի վերազինում» ծրագրի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Ֆինանսների նախարարության և «Էռստե» բանկի միջև» և ևս երկու համաձայնագիր «ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական «Վագներ Բիռո» ընկերության միջև՝ սարքավորումների մատակարարման մասին»:

Հայաստանի և Ավստրիայի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում, պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին:

 

***

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ավստրիայի Հանրապետության Նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ


Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Կրկին շնորհակալություն եմ հայտնում Ավստրիայի Նախագահ պարոն Ֆիշերին պաշտոնական այցով Ավստրիայում հյուրընկալվելու հրավերի և, իհարկե, ջերմ ընդունելության համար: Այն փաստը, որ վերջին երկու տարվա ընթացքում սա մեր երրորդ երկկողմ հանդիպումն է, ինքնին խոսուն է:

Մեր բանակցությունների օրակարգը հագեցած էր. կառուցողական քննարկում ունեցանք ինչպես հայ-ավստրիական հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ: Վերահաստատեցինք բարձր մակարդակի երկխոսությունը շարունակելու, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ավստրիական համագործակցությունը խորացնելու փոխադարձ ցանկությունը:

Մեզ համար Ավստրիան բարեկամ պետություն է և վստահելի գործընկեր և հենց այդ ոգով են զարգացել Հայաստանի և Ավստրիայի 22-ամյա միջպետական հարաբերությունները: Քաղաքական կանոնավոր երկխոսություն, առևտրատնտեսական զարգացող համագործակցություն, մշակութային և կրթական բազմաթիվ ծրագրեր, Ավստրիայի կողմից արդյունավետորեն իրականացվող օժանդակության ծրագրեր, փոխշահավետ գործակցություն միջազգային կառույցներում, պարբերաբար հարստացվող իրավապայմանագրային դաշտ՝ սա է մեր կառուցողական համագործակցության արդյունքը, որի բազմապատկման համար պատրաստ ենք շարունակելու հետևողական աշխատանքը, և այդ նպատակին են ուղղված նաև այս այցի ընթացքում ձեր ներկայությամբ ստորագրված համաձայնագրերը:

Այցիս առաջնային նպատակներից է երկկողմ համագործակցության տնտեսական ուղղության խթանումը, և վաղը մենք Նախագահ Ֆիշերի հետ կբացենք հայ-ավստրիական տնտեսական համագործակցության համաժողովը: Ակնկալում ենք, որ այն կծառայի գործարարների միջև երկխոսության ծավալմանն ու նոր համատեղ ծրագրերի իրականացմանը:

Համագործակցության լավ հնարավորություններ ենք տեսնում Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակներում, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում Հայաստանի կառավարության կողմից իրականցվող սոցիալական քաղաքականության կատարելագործման համար:

Պարոն Ֆիշերի հետ անդրադարձանք ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարներին, և ես վերահաստատեցի Հայաստանի հանձնառությունը շարունակելու ԵՄ հետ վերջին տարիներին ծավալված արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ Հայաստանն ունի առավել ժողովրդավարական կառույցներ, բաց շուկայական տնտեսություն, համեմատաբար լավ կառավարում, բարենպաստ գործարար միջավայր: Ես ներկայացրեցի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման մեր տեսլականը և խնդրեցի պարոն Նախագահին օժանդակելու մեզ այս հարցում:

Նախագահ Ֆիշերի հետ, իհարկե, քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի այսօրվա բանակցային գործընթացը, և ես վստահ եմ խորապես կրկին քննարկելու ենք: Այստեղ՝ Վիեննայում է գտնվում նաև ԵԱՀԿ կենտրոնակայանը, մի կազմակերպություն, որ տարիներ ի վեր ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում: Վերահաստատեցի այս խնդիրը՝ Ղարաբաղի խնդիրը, բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու մեր հանձնառությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում, որը խնդրի մանրամասներին լավագույնս տիրապետող միջազգային կառույցն է:

Այցի արդյունքներով մեր համատեղ հայտարարությամբ ամրագրված է, որ Ավստրիան՝ որպես բարեկամ երկիր, որը հետաքրքրված է մեր տարածաշրջանում խաղաղությամբ, միջազգային հարաբերություններում իր բարձր համբավին և չեզոք պետության կարգավիճակին համահունչ շարունակում է աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա:

Անշուշտ, Ավստրիայի հետ հարաբերություններում անհնարին է չանդրադառնալ մեր ժողովուրդների պատմամշակութային կապերին: Մենք շնորհակալ ենք Ավստրիայի կառավարությանը, ժողովրդին՝ մեր համայնքի նկատմամբ դրսևորած բարեհաճ վերաբերմունքի համար, և այդ բարեհաճ վերաբերմունքի արդյունքում է նաև, որ Վիեննան դարձել է հայագիտության և հայապահպանության կենտրոններից մեկը՝ ի դեմս Մխիթարյան միաբանության: Եվ պատահական չէ, պարոն Նախագահ, որ Ֆրանց Վերֆելը ծնվել է հենց Ավստրիայում:

Շնորհակալություն: Այժմ սիրով կպատասխանեմ ձեր հարցերին: