Բավ է պառակտվել
21-03-2017 14:09

Բյուլբյուլ օղլուի՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ի ղեկավար նշանակվելը կբողոքարկվի հայկական ՀԿ-ների կողմից

Ավելի քան երկու տասնյակ հայկական հասարակական կազմակերպություններ պատրաստվում են նամակ ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին, որում անհանգստություն կհայտնեն Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուի՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ի ղեկավարի պաշտոնում նշանակվելու հավանականության կապակցությամբ:
Նամակում հայկական ՀԿ-ները կպատմեն Ադրբեջանի ՝ իր տարածքում գտնվող այլ ազգերի պատմամշակութային հուշարձանները վերացնելու քաղաքականության, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Բյուլբյուլ օղլուի կոչի մասին:
«Այս ամենը չի համապատասխանում այն պահանջներին, որոնք պետք է ապահովի ՅՈՒՆԵՍԿՈ-ի ղեկավարի պաշտոնի թեկնածուն»,- այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է «Հանուն կայուն մարդկային զարգացման » ՀԿ-ի տնօրեն Կարինե Դանիելյանը:
Հանրապետության առաջին օմբուդսմեն, « Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՈ-ի ներկայիս գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան աջակցում և լոբբինգ է իրականացնում Բյուլբյուլ օղլուի թեկնածության համար:
Ալավերդյանը ընդգծել է, որ հայկական իշխանություններն ու հասարակությունը պետք է գործադրեն բոլոր ջանքերը՝ այդ պաշտոնում Ադրբեջանի ներկայացուցչի նշանակմանը խոչնդոտելու համար:
« Հայաստանում այդ խնդիրը պետք է բոլորին անհանգստացնի, և ոչ միայն այն պատճառով, որ նա հակահայկական է, այլ այն պատճառով, որ նա ռասիստական քաղաքականության վառ ներկայացուցիչ է»,- նշել է նա:
ՀՀ ԱԳՆ ղեկավարի նախկին տեղակալը անդրադառնալով խնդրին նշել է այն սպառնալիքները, որոնք կարող է պարունակել Ադրբեջանի ներկայացուցչին այդ պաշտոնում նշանակելը: « Եթե նա նման կազմակերպություն ղեկավարի, ապա հավատացնում եմ ձեզ, որ նա կարող է վնաս հասցնել Հայաստանին, հայ ժողովրդին, նրա պատմությանը, և բոլոր հայկական հուշարձաններին՝աշխարհով մեկ...: Եթե մենք պարտվենք, դա մեր կողմից կլինի և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական, և նույնիսկ ռազմակա՛ն պարտություն»,- ընդգծել է դիվանագետը:
«Հայաստանի Դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանը խոսել է ներկայիս քաղաքականության վրա կոռուպցիայի և փողերի գործած բացասական ազդեցության մասին: « Բարոյական մթնոլորտում չէր կարող ծագել այնպիսի իրավիճակ, որի ժամանակ նման երկրի ներկայացուցիչը կարողանար հավակնել ՅՈՒՆԵՍԿՈ-ի ղեկավարի պաշտոնին»,- նշել է նա, և հավելել, որ Հայաստանն ու հայկական սփյուռքը պետք է ցույց տան ներկայիս Ադրբեջանի իրական դեմքը: « Այստեղ խոսքը Փոլադ Բյուլբյուլ օղլուի մասին չէ՝ լավն է նա, թե վատը, դա մի կողմ թողնենք: Մենք խոսում ենք մի երկրի մասին, որը հակամարդկային և ռասիստական քաղաքականություն է վարում, և նրա այն ներկայացուցչի մասին՝ ով համաձայն է այդ քաղաքականության հետ»,- նշեց քաղաքական գործիչը:
Նշենք, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով (ՅՈՒՆԵՍԿՈ) գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնող ինը թեկնածուներից մեկն է:
Գլխավոր տնօրենը նշանակվում է Գլխավոր խորհրդաժողովով: Գործադիր խորհուրդը տնօրեն է նշանակում չորս տարի ժամկետով: