Բավ է պառակտվել
25-01-2021 15:05

Մակունցին դեսպան նշանակելը աղետ է Հայաստանի համար․ Նաիրա Զոհրաբյան

Այս և նմանօրինակ նշանակմամբ Հայաստանի միջազգային հեղինակությունն ուղղակիորեն զրոյացվում է, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Լիլիթ Մակունցի ԱՄՆ–ում դեսպան նշանակելու փաստին, ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատել է, իր՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է, միաժամանակ հավելել է, որ դեռ վերջնական որոշում չկա:

«Ուզում եմ հիշեցնել, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր եղած ժամանակ ԱԺ ամբիոնից բողոքում, որ նախկինում դեսպաններ նշանակվում էին ծանոթ-բարեկամ սկզբունքով և անընդհատ ասում էր, որ պրոֆեսիոնալ դիվանագետները պետք է դեսպաններ լինեն։ Եվ հիմա ամենակարևոր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկում դեսպան է նշանակվում մի կին, որն ընդամենը գիտի լավ կամ վատ անգլերեն։ Սա աղետ է», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Զոհրաբյանի խոսքով այս ամենը աղետալի հետևանք կարող է ունենալ Հայաստանի վրա։

«Մենք ունենք կազմաքանդված պետություն և նման ամեն մի որոշումն ուղղակիորեն հարված է պետականությանը։ Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է շատ ապահով տեղաբաշխել իր յուրայիններին։ Ինքը շատ լավ հասկանում է, որ եթե ոչ այսօր, վաղը, անպայմանորեն գալու է քաղաքական և իրավական պատասխանատության ժամանակը, և ցանկանում է իր յուրայիններին ուղղակիորեն հեռացնել Հայաստանից», - ասաց Զոհրաբյանը։
Դիտարկմանը, թե ԱԳՆ-ում էլ են մտահոգված Մակունցին դեսպան նշանակելու համար, քանի որ պրոֆեսիոնալներ կան, Զոհրաբյանը պատասխանեց, ԱԳՆ-ում ճանաչում է լուրջ պրոֆեսիոնալների, և այն քաղաքականությունը, որ վարում է ԱԳՆ ներկայիս նախարարը, «վախեցած, հեզաճկուն» կատարում է Նիկոլ Փաշինյանի բոլոր հրահանգները՝ չխորանալով այդ հրահանգների օրինականության, բարոյականության և ճշգրտության մեջ:

«Այն իրավիճակը, որ այսօր կա ԱԳՆ-ում, այնտեղ լարված իրավիճակի հետ կապված՝ մի օր պայթելու է: Մենք բոլոր համակարգերում ունենք պարալիզացված իրավիճակ, այսօր բոլոր համակարգերում ունենք կատարյալ քաոս, և այն, ինչ անում է գործող իշխանությունը՝ դեռևս գործող վարչապետի գլխավորությամբ, այլևս անդառնալի հարված է ՀՀ պետականությանը»:

Դիտարկմանը, թե Մակունցն ասել է, որ փորձը կարևոր է, սակայն որոշ դեպքերում առաջնային դերակատարում չունի, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց.
«Գիտեք, ես ֆրանսերենի թրեյնինգները շարունակում եմ, և այդ տպավորությամբ եկեք իմ ֆրանսերենի դասախոսին՝ Շուշանիկ Մելքոնյանին, ով ֆանտաստիկ ֆրանսերեն գիտի, առաջարկենք Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան»։

Արմինե Գևորգյան