Բավ է պառակտվել
12-10-2020 16:55

Ես չեմ կարող գաղտնազերծել, թե ինչ ենք քննարկել․ Շարմազանովը վարչապետի հետ հանդիպման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, այսօր տեղի է ունեցել հանդիպում արտախորհրդարանական մոտ մեկ տասնյակ ուժերի հետ, հանդիպման օրակարգում Լեռնային Ղարաբաղի հարցն է։

Հանդիպմանը մասնակցում են նախկին իշխող ուժի՝ «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրես»-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։

Արտախորհրդարանական ուժերը վարչապետի հետ հանդիպմանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը,

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց` տեղեկատվական բնույթի հանդիպում էր, որտեղ յուրաքանչյուրը ներկայացրել է իր տեսակետը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Հարցին, թե Արցախի ճանաչման հարցը քննարկվե՞լ է` Սաղաթելյանը պատասխանեց, որ այդ հարցը շոշափվել է, սակայն որոշում չի կայացվել։

ՀՀԿ֊ի  տեսակետը ներկայացնող Էդուարդ Շարմազանովը նշեց, որ պատմական ու կարևոր ժամանակաշրջան է մեր երկրի համար ու չպիտի ներքաղաքական օրակարգով շարժվենք:

Հարցին, թե Արցախի անկախացման հարցը, մասնավորապես Հայաստանի կողմից այն ճանաչելը քննարկվե՞լ է, Շարմազանովը նշեց, որ  չի  կարող գաղտնազերծել, թե ինչ են քննարկել։

«Ես չեմ կարող ասել, թե ով ինչ է ասել, կարող եմ միայն ասել մեր դիրքորոշումը, Արցախը չի լինելու երբեք Ադրբեջանի կազմում։ Իմ կարծիքն այս պահին այն է, որ պետք է անել հնարավորը, որպեսզի այդ հրադադարի ռեժիմը աշխատի։ Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը պետք է արվի այն ժամանակ, որը օգուտ կբերի Հայաստանի դիրքերի ամրապնդմանը»,- ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը։

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն էլ նշեց, որ քննարկվել է նաև բանակցությունների հարցը, սակայն այստեղ մանրամասնելու կարիք չկա, քանի որ բանակցությունների վերաբերյալ առկա է այն, ինչ ներկայացվել է արդեն հանրությանը։ Սահակյանն ասաց` հանդիպման նպատակն այն էր, որպեսզի վարչապետը նախ իր տեսակետը ներկայացնի արցախաադրբեջանական սահմանին տեղսի ունեցող իրավիճակի առնչությամբ, ինչպես նաև լսի մյուսների կարծիքը։

Արմինե Գևորգյան