Բավ է պառակտվել
03-06-2020 21:34

Չփորձե՛ք քաղաքացու վրա գցել պատասխանատվությունը․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակացության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ կորոնավիրուսով հիվանդացության ու մահվան թվերը շարունակում են աճել, իսկ կառավարությունը սկսել է մեղադրել հասարակությանը։
«Վտանգավոր տենդենց ենք նկատում՝ ողջ պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա, սա անընդունելի է։ Այո՛, քաղաքացին պարտավոր է լինել օրինապահ, հետևել կանոններին, բայց ի՞նչ են արել համաճարակի համար պատասխանատու կառույցները։ Արդյո՞ք նրանք արել են ամեն ինչ, որպեսզի այսօր չխոսեն սպեցնազ մտցնելու մասին, դուբինկաներով առողջություն պարտադրելու մասին։ Չփորձե՛ք քաղաքացու վրա գցել պատասխանատվությունը», - հայտարարեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը
ԲՀԿ –ական պատգամավորը նկատեց, որ պաշտոնյան մի օր ասում է՝ դիմակ կրեք, հաջորդ օրն ասում է՝ դիմակ չկրեք, որովհետև դիմակ կրելը վնասակար է, վիրուսները մեջը մնում են
«Մի նախարար կանգնում ասում է՝ ես իմ երեխային տանելու եմ դպրոց, որովհետև էդ վարակն ինձ համար վարակ չի, մեկն էլ ասում է՝ կորոնավիրուսը շատ ավելի թույլ գրիպ է, քան գրիպի մյուս տեսակները։ Ունի՞ իրավունք քաղաքացին՝ մոլորվելու այս իրավիճակի համար պատասխանատու պաշտոնյաների՝ իրար հակասող հայտարարություններից։ Ունի՞ իրավունք քաղաքացին՝ չհասկանալու, թե ի վերջո իրենից ինչ է պահանջվում»,- ասաց նա։

Զոհրաբյանն ասում է, որ քաղաքացին մոլորվել է պաշտոնյաների՝ իրար հակասող հայտարարությունների մեջ։
«Կառավարությունը պետք է որոշի՝ կա՛մ կարողանում է մոբիլիզացնելով ողջ ներուժը․․․ ես գիտեմ, որ բժիշկների մի խումբ հրատապ հանդիպում է խնդրում վարչապետի հետ՝ ներկայացնելու ստեղծված իրավիճակից ելքեր։ 

Լսե՛ք խելացի մարդկանց, մի՛ մտածեք, որ դուք ամեն ինչ կարող եք․․․ Պարտվելու է պետությունը, եթե քաոսից չկարողանանք միասնական ուժերով ելք գտնել»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։

 

 

Արմինե Գևորգյան