Բավ է պառակտվել
12-05-2020 14:13

Չհամարձակվեք ձայն բարձրացնել ինձ վրա․ ՄԻՊ –ը պատգամավորին (տեսանյութ)

Ազգային ժողովն այսօր շարունակում էր նախորդ շաբաթ սկսած հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանում քննարկվում էր «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը, որը ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը խոսելով ՄԻՊ –ի ելույթի մասին, ասաց, որ 21-րդ դարում՝ թավշյա հեղափոխությունից հետ, կանանց մասին խոսել երկու տողով, անթույլատրելի է:
«Դուք ասացիք, որ ժամանակը չի հերիքել ավելի մանրամասն խոսել կանանց իրավունքների մասին: Դուք պետք է կրճատեիք ձեր միտքն այլ ասպեկտից, բայց ոչ՝ կանանց: Հույս ունեմ, որ ձեր վերջնական զեկույցում կանդրադառնաք սրան։Ես Ձեր գործունեության մեջ երկակի ստանդարտներ եմ տեսնում: Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, շատ դեպքերում Ձեր պրակտիկ աշխատանքը գնահատում եմ բավարար, բայց Ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար», - ասել էր Հակոբյանը:
Վաղարշակ Հակոբյանը ՄԻՊ-ին խոհեմության ու անաչառության կոչ արեց ու նա այդ ամբողջ ընթացքում խոսում էր բավականին ընդգծված բարձր տոնով։
Արդեն իր ելույթի ժամանակ Արման Թաթոյանը հունից դուրս եկավ և դիմելով պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին հորդորեց,որ նա այլևս չփորձի իշխանական դիրքերից խոսել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ։
«Պարոն Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ ձեր ձայնը բարձրացնել ինձ վրա։ Մյուս անգամ չփորձեք սպառնալ ՄԻՊ-ին: Կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները: Դուք նույնիսկ չեք տիրապետում, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ: Ես Ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ: Եվ մեկ բան էլ. Կանանց իրավունքներին նվիրված է հսկայական բաժին՝ 597-ից 638 էջերը, ավելին՝ ԶՈՒ-ում կանանց իրավունքի պաշտպանությանը ևս կա նվիրված բաժին», - ասաց Թաթոյանը:

 

 

 

Արմինե Գևորգյան