Բավ է պառակտվել
15-09-2022 11:10

«Նիկոլին փրկելու ժամը չէ՛, հայրենի՛քը փրկելու ժամն է». Գեղամ Մանուկյանը դիմեց իշխանական պատգամավորներին

«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն Ազգային ժողովի ամբիոնից իշխանափոխությունն անվանեց երկրում իրավիճակի շտկման միակ ճանապարհը։ Նա կոչ արեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը գիտակցել երկրում տիրող իրական վիճակը։ Նրա ելույթը իշխանական պատգամավորները թշնամաբար ընդունեցին։

«Այստեղ եմ եկել տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների խոսքը փոխանցելու ձեզ, այն մարդկանց խոսքը, ովքեր հաշված ժամերի ընթացքում ինքնաբուխ շտապել են ԱԺ շենք։ Այս մարդկանց ոչ ոք չի ուղղորդել։ Կար միայն մեկ բան՝ մտահոգություն հայրենիքի, Արցախի համար։ Եվ եթե ասում ենք, որ եղել է ինչ-որ ուղղորդում, ապա դա մեկն էր՝ երեկ խորհրդարանի ամբիոնից հնչած (Փաշինյանի) անընդունելի, վտանգավոր հայտարարությունն»,- ասաց նա։

Մանուկյանը հորդորեց պատգամավորներին մի կողմ դնել բոլոր քաղաքական, կուսակցական պայմանականությունները և անդրադառնալ տեղի ունեցողին։ «Իշխանության և քաղաքականության լիակատար փլուզումը հանգեցրել է այս կործանմանը։ Մարդիկ անօգնական ելք են փնտրում։ Սա կարող եք տեսնել ամեն քայլափոխի, եթե իջնեք ծառայողական մեքենաներից։ Գիտակցեք, որ մենք պետականության կործանման եզրին ենք. Երեկ Ստեփանակերտում հազարավոր մարդիկ նույն ժամին հավաքված էին էլի ինքնաբուխ, այդ մարդիկ իրենց դավաճանացված էին զգում, թուրքի դեմ իրենց մենակ էին զգում, քանի որ մի պահ լսել էին, որ Ազգային ժողովի այս ամբիոնից այլևս իրենց մասին խոսող չկա։ Հասկացեք, կանգ առեք»,- ասաց նա։

Պատգամավորը հիշեցրեց, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է արել, որ «եթե փաստաթուղթ ստորագրի, մարդիկ կարող են դատապարտել իրեն և անվանել դավաճան»։

Այնուհետեւ Մանուկյանի ելույթն ընդհատվեց իշխանական խորհրդարանականների վրդովված բացականչություններով։

«Նորից խնդրում եմ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությանը՝ մի պահ այդ արհեստական ինքնավստահությունից դուրս եկեք։ Երեկ տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությունն այստեղ փաստեց, որ ժողովուրդը պոռթկման եզրին է։ Երեկ տասնյակ հազարավոր ինքնաբուխ հավաքված մարդիկ սպասում էին քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներին։ Չեկան, բայց ժամանակ կա։ Ուշ չէ, գործընկերներ։ Վերջապես հասկացեք, որ վիճակն օրհասական է։ Հասկացեք, որ այս վիճակի լուծումը մեկն է՝ նոր իշխանություն, նոր կառավարություն, նոր վարչապետ, որն այս վիճակից կարող է դուրս բերել երկիրը։ Այս պահը շատ լուրջ է. Նիկոլին փրկելու ժամը չէ, Հայրենիքը փրկելու ժամն է»,- կոր արեց նա։

Մանուկյանի ելույթից հետո դահլիճում կրկին աղմուկ բարձրացավ, իրավիճակը լարվեց, 30 րոպեանոց ընդմիջում հայտարարվեց։

Ինքնաբուխ հավաք

Չորեքշաբթի երեկոյան Երևանում կառավարության և խորհրդարանի շենքերի մոտ ինքնաբուխ ցույցեր են սկսվել՝ իշխանությունների հրաժարականի պահանջով։ Ցուցարարներն իրենց անհամաձայնությունն են հայտնել իշխանությունների քաղաքականության հետ, որոնց ցույցի մասնակիցները մեղադրել են Հայաստանի և Արցախի շահերը չպահպանելու մեջ։