Բավ է պառակտվել
18-05-2021 16:01

Պետք է սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը ուշադիր հետևում է իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին և օպերատիվ կապ է պահպանում ռազմական եւ սահմանային ծառայությունների միջոցով։
Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերից զերծ մնալու համար պետք է սկսել դելիմիտացիայի գործընթացն։ Այս մասին ասվում է երեքշաբթի ՌԴ ԱԳՆ տարածած մեկնաբանության մեջ։
Ավելի վաղ՝ երկուշաբթի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հայ-ադրբեջանական դեմարկացիայի հարցում, տրամադրելով այդ թվում՝ քարտեզագրական նյութեր և խորհրդատվական ծառայություններ։
«Ելնում ենք այն բանից, որ բոլոր նման միջադեպերը հարկ է լուծել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով։ Որպես երկարաժամկետ լուծում՝ տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ դրան հաջորդող դեմարկացիայով։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է այսուհետ ևս ամեն կերպ նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի հետեւողական կարգավորմանը»,- նշվում է մեկնաբանության մեջ:
Մեկնաբանության մեջ ասվում է որ Ռուսաստանն ուշադիր հետևում է իրավիճակին` կապված Ադրբեջանի և Հայաստանի միջեւ սահմանային միջադեպի հետ և օպերատիվ կապ է պահպանում ռազմական և սահմանային ծառայությունների միջոցով։
Մայիսի 12-ին Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ ադրբեջանական զորքերը փորձեր են ձեռնարկել մոտենալ սահմանին Սյունիքի մարզի Սև լճի հատվածում։ Ըստ նախարարության՝ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշ խատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, բայց հայկական զինված ուժերի ձեռնարկած միջոցառումներից հետո դադարեցրել այդ աշխատանքները։ Մի քանի օր բանակցություններ են ընթացել ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ։

Բացի այդ, մայիսի 13-ին Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է առաջանալ Սիսիանի և Վարդենիսի ուղղություններով՝ կրկին «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ։ Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել իր դաշնակցից՝ Ռուսաստանից։

Մայիսի 17-ին ԱԽ նիստում վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ մայիսի 12-ից հետո ռազմաքաղաքական իրադրությունը չի փոխվել, չնայած ադրբեջանցի զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել հանրապետության տարածքից։ Բանակցությունները կվերսկսվեն մայիսի 19-ին։ Երևանի դիրքորոշումն անփոփոխ է․ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն հանրապետության տարածքը, կշարունակվի ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկումը։