Տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, սահմանների անխախտելիությունն Իրանի համար կարմիր գծեր են, և Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում որևէ տարածքային փոփոխություն։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշը։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չորեքշաբթի հանդիպել է Իրանի իսլամական մեջլիսի Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ, տեղեկացնում է ԱԽ մամլո ծառայությունը։
Գրիգորյանն իր հերթին նշել է Հայաստանի կարմիր գծերը, ընդգծելով երկրի կողմից ավելի վաղ առաջ քաշված «խաղաղության դարաշրջան» սկսելու հրամայականը, որը նաև համընկնում է Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ: ԱԽ քարտուղարը նաև կարևորել է Երևան-Նախիջևան-Ջուլֆա երկաթգծի գործարկումը՝ ընդգծելով, որ այն բերելու է տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման:
Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում ինտենսիվ զարգանում են։
Հանդիպման վերջում զրուցակիցները կարևորել են տարբեր ոլորտներում փոխգործակցության շարունակության անհրաժեշտությունը: