Բավ է պառակտվել
06-05-2020 13:39

Արցախյան հարցի որևէ լուծում չի կարող կիրառվել, եթե այն անընդունելի է Հայաստանի և Արցախի համար

Այսպիսի հայտարարություն է արել Փաշինյանը, պատասխանելով “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին առ այն, թե ինչու՞ ավելի վաղ չի հնչել ՀՀ վարչապետի դիրքորոշումը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարության կապակցությամբ։

“Հայաստանի ոչ մի ղեկավար Ղարաբաղի հարցի կապակցությամբ այնքան հրապարակային և թափանցիկ չի եղել, ինչքան ես եմ եղել։ Իմ դիրքորոշումները և ՀՀ կառավարության դիրքորոշումները գոյություն ունեն այնքանով, ինչքան դրանք մեր (հայկական՝ խմբ․) դիրքորոշումներն են՝ անկախ աշխարհում եղած դիրքորոշումների։ Կարգավորման ամբողջ գործընթացն ուղղված է պատասխանելու մի հարցին՝ կարո՞ղ ենք մենք մոտեցնել այդ դիրքորոշումները”, - ասել է նա։

Հարկ է հիշեցնել, որ ապրիլի 21-ին Լավրովը հայտարարել էր, որ ակտիվորեն քննարկվում է արցախյան հիմնախնդրի փուլային կարգավորման տարբերակը, որն առաջարկվել է 2019թ․ապրիլի 15-ին Մոսկվայում։ Ըստ նախարարի, նախագիծը ենթադրում է առաջին փուլում լուծել առավել կարևոր խնդիրները՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա շրջանների վերադարձը և տրանսպորտային, տնտեսական ու այլ կոմունիկացիաների ապաշրջափակումը։

“Ղարաբաղի հարցի որևէ լուծում չի կարող գործնականում դառնալ լուծում, եթե ընդունելի չէ Հայաստանի, Արցախի ժողովրդի համար, այդ թվում՝ Ազգային ժողովի համար: Դա ոչ թե իմ բարի ցանկությունից է, այլ ի բնե է այդպես: Եթե նույնիսկ նախկինում եղել են իշխանություններ, որոնք մտածել են, որ կստորագրեն և կտանեն, մի հատ լուծում կտան, իրենք գերագնահատել են իրենց ուժերն”,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ կարգավորման լուծումը պետք է քննարկման դրվի Հայաստանի և Արցախի Ազգային ժողովներում և Անվտանգության խորհուրդներում։

“Լուծումը կարող է տեսականորեն իրագործվել, եթե այն ընդունելի է Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Մենք չենք խոսի այդպիսի լուծման մասին, քանի դեռ այն չի ձևակերպվել․․․ Քանի դեռ չենք հայտարարել ժողովրդին այդպիսի լուծման առկայության մասին, ոչ մի դռնփակ քննարկում չի կարող լինել։ Այս լուծմանը մենք կգանք միայն այն պարագայում, երբ ԱԳ նախարարը և ես տեսնենք, որ ինչ-որ մի տարբերակ կա, որը սկզբունքորեն կարող է քննարկելի լինել”,- ասել է նա։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ 2018թ մայիսի 8-ից մինչ օրս արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում իր դիրքորոշումներից “ոչինչ, նույնիսկ մի ստորակետ չի փոփոխվել”։