Բավ է պառակտվել
25-04-2022 20:15

Արցախի կարգավիճակի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ այս փուլում չի քննարկվում

Արցախի կառավարությունում տեղի է ունեցել ընդլայնված նիստ՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Նախագահի մամլո գրասենյակից հայտնում են, որ Հարությունյանն ընդգծել է, որ այս փուլում Արցախի կարգավիճակի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի քննարկվում, և որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կա հստակ պայմանավորվածություն, որ այսուհետ Արցախի հարցի վերաբերյալ միջազգային ցանկացած մակարդակում Հայաստանի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ։

Անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ հետպատերազմյան շրջանում էլ ավելի է մեծացել Արցախի և Հայաստանի պետական կառավարման համակարգերի միջև սերտ կապեր ունենալու և ՀՀ գործընկեր գերատեսչությունների հետ փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը։

Ապրիլին, ավելի վաղ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասել էր, որ միջազգային հանրությունը Հայաստանին կոչ է անում իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը, այլապես նա չի կարողանա օգնել հայկական կողմին։ Այս հայտարարությունը լայն արձագանք առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։