Բավ է պառակտվել
18-01-2021 18:39

«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, քանի որ թիվ մեկ պատասխանատուն և մեղավորը ինքն է». Աննա Գրիգորյան

Մանդատը վերցնելու, բայց խմբակցությունից դուրս գալու իմ որոշում կայացնելուց առաջ ես քննարկում եմ ունեցել և՛ քաղաքական թիմի, և՛ խմբակցության ղեկավարի հետ և կար ընդհանուր ըմբռնում իմ մոտիվների և որոշման համար: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ խոսելով «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու, սակայն մանդատը վերցնելու մասին:
Աննա Գրիգորյանը չի ժխտում,որ Նիկոլ Փաշինյանը դեր և նշանակություն ունեցել է ընտրություններում հավաքած ձայների մասով,բայց իր ձայների զգալի մասը տրվել է իրեն որպես անհատի,քանի որ իրեն ճանաչում են և սյունեցիները և վայոցձորցիները։
«Ես ցանկանում եմ երկրում տեսնել միջանկյալ՝ տեխնոկրատների կառավարություն, սակայն այս պահին չեմ տեսնում այնպիսի մարդկանց, որոնք կարող են այդ կառավարությունը ձևավորել, չեմ սատարում ներկայում գործող որևէ քաղաքական ուժի
Աննա Գրիգորյանը նշեց, որ այս պահին դեռ պետք է խուսափել արտահերթ խորհրդարանական ընտրություններից և ըստ նրա՝ անցումային կառավարության ձևավորումը լավագույն տարբերակը կարող է լինել: «Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց՝ հունվարի 11-ին չկարողացավ սպասարկել ՀՀ-ի շահերը,հետևաբար այս իշխանություններն այլևս ներուժ չունեն բանակցությունները շարունակելու և ռեալ արդյունքներ ապահովելու համար»,–ասաց պատգամավորը: Վերջինս նշեց, որ 2018 թվականի հեղափոխության գաղափարները կիսել է, սակայն չեն արդարացել մի շարք սպասելիքներ, օրինակ՝ սոցիալական անարդարության խնդիրները չեն լուծվել, օլիգարխները դարձել են խոշոր սեփականատերեր, եղել են անօրինակական ունեցվածք կուտակողներ և նրանց նկատմամբ ոչ մի լուրջ գործընթաց չի ձեռնարկվել:
«Այսօր, երբ ես ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, դա պատերազմը պարտվելու համար է և ակնհայտ է, որ պարտված երկրի ղեկավարը չի կարող բանակցություններն արժանապատվորեն շարունակել: Թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է, ով անկարող է այս պահին բանակցություններ վարել ՀՀ-ի անունից, բայց չեմ կարող ժխտել, որ 30 տարվա մեջ բոլորս ունենք մեր պատասխանատվությունը»,- ընդգծեց նա:
Ըստ Աննա Գրիգորյանի, անցումային կառավարության ձևավորումն այս պահին լավագույն տարբերակը կարող է լինել: Միևնույն ժամանակ, պատգամավորը սխալ է համարում այն մոտեցումը, որ երբ անհատը ցանկանում է՝ իշխանությունը հեռանա, միանգամից նրան համարում են Վազգեն Մանուկյանի կողմնակից:
Հարցին, թե արդյոք կիսո՞ւմ է «Հայրենիքի փրկության շարժման» քաղաքական օրակարգը՝ Աննա Գրիգորյանը պատասխանեց՝ չի սատարում այս պահին գործող որևէ քաղաքական ուժի, որևէ քաղաքական շարժման:
«Առավել ևս՝ չեմ տեսնում, որ լինեն հստակ զրույցներ՝ Հայաստանի ապագայի վերաբերյալ, լինի ճանապարհային քարտեզ, որտեղ հստակ կլինի, թե մեկ տարի հետո մենք որտեղ ենք հայտնվելու: Հետևաբար` ես այդ առումով չեմ կարող սատարել որևէ քաղաքական ուժի և անհատի»,- նշեց պատգամավորը:
Աննա Գրիգորյանի կարծիքով, հայկական օրակարգն այս պահին գերիների վերադարձը, Արցախի կարգավիճակը հարցն ու Հայաստանի սահմանների՝ մասնավորապես Սյունիքի անվտանգությունն է։

Արմինե Գևորգյան