Բավ է պառակտվել
12-02-2021 15:53

Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելը ապստամբությունից վտանգավոր է․ Վազգեն Մանուկյան

Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հավաքի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը նշեց, որ այսօրվա հավաքը շարժման հետ կապ չունի, իր անձնական նախաձեռնությունն է. «Հրատապ իրավիճակ եղավ, պարզվեց, որ մեր մեջքի հետևում ևս մեկ կապիտուլյացիոն պայմանագիր է կնքված, դրան ավելացավ այն, որ որոշում ընդունվեց թղթակիցներին թույլ չտալ Սյունիքից ազատ մեկնաբանել»,- նշեց Մանուկյանը:
Հայրենիքի փրկության ընդդիմադիր շարժման միասնական թեկնածուն նշեց, որ չի մասնակցի նույնիսկ այն դեպքում, եթե Փաշինյանն արտահերթ ընտրություններ հայտարարի։
Ընդդիմության թեկնածուն նշեց, որ իշխանության հրաժարականի դեպքում Հայրենիքի փրկության շարժումը տնտեսական երկու ծրագիր է ներկայացրել. առաջինը` ժամանակավոր կառավարության 1 տարվա ծրագիրը` բաղկացած սոցիալ–տնտեսական հրատապ խնդիրներից և երկրորդը` ավելի երկարածավալ ծրագիր, որը կիրագործի արդեն հաջորդ իշխանությունը։
Թե ովքեր են ներառված լինելու իր ղեկավարած` ժամանակավոր կառավարության կազմում, Վազգեն Մանուկյանը չցանկացավ բացահայտել։
«Վտանգն այն է, որ այդ մարդկանց միանգամից թիրախավորում են, ու նրանք ընկնում են հարվածի տակ։ Երկրորդը` շատ կարևոր է, թե ինչ ճանապարհով է շարժումը գալիս իշխանության, որովհետև որոշ դեպքերում, եթե դու կարողանում ես ԱԺ–ում մեծամասնություն ապահովել, այդ դեպքում կադրային խաղի կանոնները մի քիչ փոխվում են»,– ասաց Մանուկյանը։
Lրագրողների հետ զրույցում Վազգեն Մանուկյանն անդրադարձավ ամիսներ առաջ իր հնչեցրած ապստամբություն բարձրացնելու մասին հայտարարությանը:
«Հայտարարեցի, որ ժողովուրդն իրավունք ունի ապստամբության, և շատ տարբեր երկրներում այն տեղի է ունեցել: Հեղափոխությունները նախապատրաստում են, բայց ապստամբությունները՝ ոչ, դժգոհ ժողովուրդն ինքը ապստամբում է: Ես իմ կողմից միշտ էլ կխրախուսեմ ապստամբությունը: Ցանկացած միջոց, որ ֆիզիկական միջոցների չի դիմում մարդկանց նկատմամբ, բայց նպաստում է իշխանություններից ազատելուն, ես կխրախուսեմ»,- նշեց Մանուկյանը:
Հարցին ՝ ընտրությունները մի՞թե պետության համար ավելի դյուրին տարբերակ չէին ինչ-որ բան փոխելու, և մի՞թե ապստամբությունը վտանգավոր չէ՝ Մանուկյանը նշեց, որ իր համար ավելի վտանգավոր տարբերակ չկա, քան Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելը:
«Մնացած բոլոր տարբերակները շատ ավելի մեղմ են, քան այն տարբերակը, որ Փաշինյանը մնում է այդտեղ»,- նշեց Մանուկյանը:

Արմինե Գևորգյան