Բավ է պառակտվել
16-04-2020 20:02

Նիկոլ Փաշինյանը ի վերջո իմացավ՝ ինչ է ՀՎՀ–ն, ինչ է ՀԾՀ–ն

Վարչապետը երեկ անձամբ մի քանի ժամ կարդացել է ֆեյսբուքյան էջին գրված քաղաքացիների նամակները ու պարզել որ ունեն մի քանի խումբ խնդիրներ։
«Շատ մեծ թվով մարդիկ տեղյակ չեն, որ այս կամ այն ծրագրի շահառու են, տեղեկացվածության խնդիր ունենք և սա մեզ համար ազդակ պետք է լինի, որ բավարար չափով չենք լուսաբանում, թե որ միջոցառումը որ խմբին է վերաբերում», - ասաց նա։
Ըստ նրա եթե տեսանյութը 200 հազար դիտում է ունենում, դա դեռ լուսաբանում չէ, լուսաբանումն այն է, որ պոտենցիալ բոլոր շահառուները տեղյակ են:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ, մասնավորապես, իններորդ միջոցառման հետ կապված խնդիր կա և եթե մարդ չգիտի ՀԾՀ-ն ինչ է, դա նշանակում է՝ լրատվական համակարգը չի աշխատում:
Հետո դիմելով Աշխատանքի ու Սոցիալական հարցերի նախարարին նշեց,«Տիկի՛ն Բաթոյան, հիմա այս ՀՎՀ-ն ու ՀԾՀ-ն, ի վերջո, ի՞նչ են, հարկ վճարողի համարը, հա՞»:
Բաթոյանն նշեց, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ավելի լավ կներկայացնի, թե ՀՎՀ-ն ինչ է: Իսկ ՀԾՀ-ն, նրա խոսքով, սոցիալական քարտի համարն է, որը պարտադիր է քաղաքացիների համար 2003 թվականից, որովհետեւ առանց դրա գործարք չեն կարող իրականացնել. «Եվ շատերն ունեն այն, պարզապես չգիտեն, որ ունեն»:
Վարչապետը քաղաքացիներին տեղեկացրեց․«Այն մարդիկ, որոնք նամակ են գրել ինձ այդ թեմայով, ուրեմն հանրային ծառայության համարանիշը սոցիալական քարտի համարն է, ոչ մի բարդ բան, ՀՎՀ-ն էլ հարկ վճարողի համարանի՞շն է, պարո՛ն Անանյան, որով նույնականացնում ենք հարկ վճարողին»,- դիմելով ՊԵԿ նախագահին՝ հետաքրքրվեց վարչապետը, ինչին ՊԵԿ նախագահը դրական արձագանքեց։ «Դե, հիմա ապահովեք, որ 3 մլն դիտում ունենա այս հայտարարությունը»,- ընդգծեց վարչապետը:

 

 

Արմինե Գևորգյան