Բավ է պառակտվել
27-03-2014 13:19

ՀԱԿ պատգամավորը մեղադրում է Արմեն Աշոտյանին` լրագրողի հանդեպ կոպիտ վերաբերմունքի համար

Այսօր, ՀՀ ԱԺ-ում, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմելով ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին նշել է. ՛՛Սա «ԿՎՆ»-ի պոլուֆինալը չի, որ գաք, հարցերին գլուխկոտրուկներով ու շուտասելուկներով պատասխանեք՛՛: Ըստ պատգամավորի՝ Հայաստանի կրթական հաստատություններում եւ մասնավորապես բուհական համակարգում ստեղծված է երիտհանրապետականների խմբակներ, որոնք անհրաժեշտ պահի օգտագործվում են կեղտոտ նպատակների համար՝ հիշեցնելով տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած միջադեպը, երբ լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտել էին մի խումբ ուսանողներ: Նա նաեւ հավելեց, որ այդ հարձակման գլխավոր անձանցից մեկին կարող են լուսանկարներում տեսնել Արմեն Աշոտյանի, Սերժ Սարգսյանի, վարչապետի հետ: «Ընդ որում, որեւէ անձնական բնույթի որակում չեմ անում: Հիմա փոխանակ նախարարը պատասխանի պատգամավորի հարցին, սրամտություններ, շուտասելուկներ ու գլուխկոտրուկներ է ասում: Սա «կլուբ վեսյոլիխ ի նախոդչիվիխ»-ի պոլուֆինալը չի, որ գաք հարցերին գլուխկոտրուկներով ու շուտասելուկներով պատասխանեք: Ասում եք այդ երիտասարդները ներողություն են խնդրել: Ուրեմն ոնց տեսախցիկների առաջ լկտիաբար հայհոյելով հրել են լրագրողներին, թող ասուլիս անեն, նույն լրագրողներից ներողություն խնդրեն: Ասում եք դե չխոսենք. մարտի 1-ից չխոսենք, կոռուպցիայից չխոսենք, այլ բաներից չխոսենք: Ինչո՞ւ է պարոն Աշոտյանն ասում չխոսենք. որովհետեւ սովորել է փայլուն վեղար հագած, ինչպես ինքն էր ասում, «թեւածել» այս ամբիոնում: Ոչ, եթե դուք փորձեք թեւածել այս ամբիոնում, ես Ձեզ իմ հարցերով կիջեցնեմ պարկետին: Ձեր ստեղծած ամենալսելի, ամենատեսանելի կերպարները «սաքուլիկներն» են»,- հայտարարել է ՀԱԿ պատգամավորը: