Բավ է պառակտվել
16-03-2016 10:46

Կիպրոսն աջակցում է ՀՀ-ի և ԵՄ-ի հետագա հարաբերություններին.Ն.Անաստասիադիս

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ երեկոյան պաշտոնական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախագահի նստավայրում բարձրաստիճան հյուրի դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել նախագահներ Նիկոս Անաստասիադիսի և Սերժ Սարգսյանի առանձնազրույցը, որի ավարտին մեկնարկել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Դրանց արդյունքում ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-կիպրական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Կիպրոսի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2016-2018թթ. համագործակցության մասին ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Կիպրոսի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության միջև կրթության և գիտության բնագավառում 2016-2020թթ. համագործակցության մասին գործնական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև երկու երկրների բուհերում ուսումը սկսելու և շարունակելու նպատակով բարձրագույն ուսումնական որակավորումների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը:
Հայաստանի և Կիպրոսի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների առջև համատեղ հայտարարություններով:
Կիպրոսի Նախագահը ողջունել է ՀՀ Նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը և վստահություն հայտնել, որ այցի արդյունքում ավելի կամրապնդվեն ու կխորանան հայ-կիպրական բարեկամական հարաբերությունները:

«Այսօրվա բանակցությունների ընթացքում մենք հնարավորություն ունեցանք քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր և վերահաստատեցինք երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, ինչպես նաև Կիպրոսի և Հայաստանի գերազանց համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում: Մենք հանձնառություն ենք ստանձնել` է՛լ ավելի ամրապնդել և խորացնել մեր համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում: Այդ փոխադարձ հանձնառության վկայությունն են այն երեք պայմանագրերը, որոնք ստորագրվեցին կրթության և մշակույթի ոլորտներում: Երկու երկրների միջև մինչ այժմ ստորագրվել են տասնհինգ պայմանագրեր, որոնք ցույց են տալիս Կիպրոսի և Հայաստանի միջև առկա սերտ կապերը: Անշուշտ պետք է նշեմ, որ մեր եղբայրական հարաբերությունների վկայությունն է նաև Կիպրոսում հայկական համայնքի ակտիվ ներկայությունը, որը ներդաշնակ կերպով ինտեգրվել է Կիպրոսի մշակույթին, միևնույն ժամանակ` հպարտությամբ պահպանելով իր մշակույթը, լեզուն և կրոնական ինքնությունը: Մեր հայ հայրենակիցները երկու երկրները շաղկապող շատ կարևոր օղակ են, և նրանց հաջողվում է Հայաստանը մշտապես պահել կիպրոսցիներիս սրտում: Այսօր հաշվի առնելով մեր պատմական, մշակութային և կրոնական կապերը՝ վերահաստատում ենք պատրաստակամությունը շարունակելու և ակտիվացնելու համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում` մշտապես հաշվի առնելով միջազգային իրավունքի սկզբունքներին փոխադարձ հարգանքը: Ասածներիս ապացույցը միձայն որոշումն էր, որ 2015թ. ապրիլի 2-ին ընդունեց Կիպրոսի խորհրդարանը` քրեականացնելով Հայոց ցեղասպանության ժխտումը: Մենք Եվրոպական միության անդամ առաջին երկիրն էինք, որ 1982թ. Ճանաչեցինք Հայոց ցեղասպանությունը: Մեր հնարավորության շրջանակներում և սփյուռքի աշխարհով մեկ սփռված կառույցների միջոցով մենք միավորում ենք մեր ձայնը և դեմ ենք բոլոր նրանց, ովքեր չեն ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Բանակցությունների ժամանակ մենք հնարավորություն ունեցանք մեկս մյուսին տեղեկացնելու թե՛ կիպրական հարցի, թե՛ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Տեղեկացնեմ այն ջանքերի մասին, որոնցով փորձում ենք լուծում գտնել վերամիավորելու Կիպրոսն ու ձերբազատվել բռնազավթողներից` երկգոտի, երկհամայնքային դաշնության շրջանակներում: Մենք մշտապես ջանում ենք, որպեսզի լուծումը հիմնված լինի եվրոպական արժեքների, սկզբունքների վրա` ամբողջովին պահպանելով մարդու իրավունքները կղզու ամբողջ բնակչության` թե հույն, թե թուրք կիպրոսցիների համար: Եվ այն ինչին մենք ձգտում ենք հասնել, այնպիսի լուծում չէ, որ պետք է ունենա հաղթողներ ու պարտվողներ: Դա մի լուծում է, որ ունի հեռանկար այս կղզու բոլոր քաղաքացիների համար:
Այս հանդիպմամբ հնարավորություն ունեմ նաև տեղեկանալ իմ լավ բարեկամից և ընկերոջից ՝ Սերժից, այն զարգացումների մասին, որոնք կան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի շուրջ: Ես վերահաստատեցի մեր աջակցությունը հիմնահարցի լուծմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով, երկխոսությամբ և զերծ ուժի կիրառումից: Կիպրոսը ողջունում է այն ջանքերը, որ ներդնում է Հայաստանը, որպեսզի խաղաղ ճանապարհով կարգավորվի այդ հարցը:
Իմ ընկերոջ` ՀՀ Նախագահի հետ մենք նաև քննարկեցինք Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող հարցեր, և ես կրկնեցի, որ Կիպրոսը կայուն կերպով սատարում է բոլոր հնարավոր ոլորտներում ավելի խորացնելու փոխշահավետ հարաբերությունները Հայաստանի և Եվրոպական միության միջև: Կիպրոսը սատարում է Հայաստանին Արևելյան գործընկերության շրջանակներում, որովհետև ձեր երկիրը, պարոն Նախագահ, շատ կարևոր և գնահատելի գործընկեր է և բանակցող: Միևնույն ժամանակ, ամբողջությամբ հարգում ենք ձեր կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը, ձեր որոշումները և ձեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին:
Ավարտելով խոսքս`ուզում եմ ևս մեկ անգամ ողջունել Ձեզ և վստահեցնել, որ այսուհետ էլ ավելի կխորանան և կամրպանդվեն մեր եղբայրական հարաբերությունները»,-ՀՀ Նախագահի հետ բանակցություններից հետո ԶԼՄ-ների առջև հայտարարել է Կիպրոսի Նախագահ Նիկոս Անաստասիադիսը: