Բավ է պառակտվել
30-08-2019 13:45

Նոր հանգամանքներ՝ <<Էլարդի>> փորձագետների հետ տեղի ունեցած տեսակոնֆերանսի ընթացքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ELARD ընկերության փորձագետների հետ երեկ կայացած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ են եկել մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության և գնահատման կարիք ունեն։

Lydian Armenia-ի կողմից ներկայացված տվյալներն այնքան թերի են, որ հնարավոր չէ գնահատում իրականացնել, ասել է նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած Skype-կոնֆերանսի ժամանակ Earth link & Advanced Resources Development (ELARD) փորձագիտական խմբի անդամ, հիդրոերկրաբան Նիդալ Ռաբահը։

Օգոստոսի 23-ին Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագորման հարցի շուրջ Ջերմուկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը տեղեկացրել է, որ առցանց կոնֆերանս կանցկացնի Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում, ըստ վարչապետի՝ կբարձրացվեն հասարակությանը հուզող բոլոր հարցերը։

“Մենք չենք կարող մեր գնահատականը տալ քանակական արտահայտությամբ երկու պատճառով։ Առաջինն այն է, որ դա մեր հանձնարարության մաս չէր կազմում․մենք պետք է գնահատեինք շրջակա միջավայրի վրա ազդեցության Lydian-ի ներկայացված գնահատականը։ Երկրորդը՝ ընկերության տրամադրած տվյալներն այնքան թերի են, որ մենք չէինք կարողանա իրականացնել այդ հաշվարկները”,-ասել է Ռաբահին։

Նրա խոսքով՝ մոդելավորումը լիարժեք և արդյունավետ չէր։

“Մենք անգամ չկարողացանք կորելացնել որոշ թվեր։ Այսինքն, խոսքը միայն մեր մասին չէ․ելնելով ոչ լիարժեք տվյալներից, ինքը Lydian-ը չի անցկացրել այդ ազդեցության գնահատումը”,-հայտնել է փորձագետը։

Ինչ վերաբերում է Սևանի ստորգետնյա ջրերի վրա ազդեցությանը, Ռաբահը կրկնել է վերջնական եզրակացությունում բերված թեզը, համաձայն որի լճի ավազանի ծավալի շնորհիվ ազդեցությունը կլինի նվազագույն, իսկ համապատասխան մեղմացնող միջոցառումներ ձեռնարկելու դեպքում՝ կբացառվի։

Միաժամանակ, եղած տեղեկությունների անբավարարության պատճառով բաց է մնում Դարբ, Որոտան գետերի և Սպանդարյանի ու Կեչուտի ջրամբարների աղտոտվածության հարցը։