Բավ է պառակտվել
02-11-2021 09:49

ԱՄՆ պետքարտուղարի նորանշանակ փոխտեղակալը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկա Օլսոնը տարածաշրջանային այցի շրջանակներում կժամանի Հայաստան, հայտնում են Հայաստանում Ամերիկայի դեսպանությունից։
Նա Հայաստան, Ադրբեջան և Վրաստան է այցելում տարածաշրջանային համագործակցությունը խթանելու և երկկողմ հարցեր քննարկելու նպատակով։
Երևանում գտնվելու ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը նոյեմբերի 2-4-ը կմասնակցի հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին, որին կմասնակցեն նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիթցենբերգերը, ինչպես նաև կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատու Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին։

«Ուրախ ենք վերականգնելու այս վաղեմի ավանդույթը և հավաքվել տարածաշրջանի և մայրաքաղաք Վաշինգտոնի մեր գործընկերների հետ՝ տարածաշրջանի բոլոր երեք երկրների նկատմամբ մեր քաղաքականությունն ավելի լավ համակարգելու նպատակով մտքեր, գաղափարներ փոխանակելու ու տեղեկություններ ներկայացնելու համար։ Համաժողովի մասնակիցները ներքին քննարկումներից բացի, նաև հանդիպումներ կունենան Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- նշում են դեսպանատնից։

Նշվում է, որ հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների նախորդ համաժողովները տեղի են ունեցել Բաքվում (2019թ․) և Թբիլիսիում (2018թ)։