Բավ է պառակտվել
15-10-2021 14:51

Նոր իրողություններն այլ մոտեցում են պահանջում ռուս-հայկական հարաբերություններում․ Հայաստանում ՌԴ դեսպան

Նոր, դրամատիկ և որակապես փոփոխվող իրողությունները ռուս-հայկական հարաբերություններում այլ մոտեցում են պահանջում, ասել է Հայաստանում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Հայաստան և Ռուսաստան. նոր ռազմավարության հրամայականը» նստաշրջանում։
Դեսպանի խոսքով՝ հարկ է մտածել, ինչպես վերացնել առկա անհավասարակշռությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում Ռուսաստանի և Հայաստանի միջև խորը ռազմավարական հարաբերությունների և այն արտաքին վեկտորների միջև, որոնք գերակշռում են այնպիսի շատ կարևոր հարցերում, ինչպիսիք են հետագա պետական զարգացման ուղիները, հասարակության արժեքային կողմնորոշիչները։
Կոպիրկինը նշել է աշխարհում, Հարավային Կովկասի տարածաշրջանում և այդ տարածաշրջանը շրջապատող ավելի լայն արեալում կատարվող խորը և դինամիկ փոփոխությունները:
«Ըստ էության, այդ, երբեմն, դրամատիկ իրադարձությունների հետևում թաքնվում է նոր աշխարհակարգի ձևավորման ակնհայտ միտումը։ Այժմ տարբեր ուժեր, տերություններ, դաշինքներ պայքարում են այս նոր, դեռևս ոչ ամբողջովին մեզ հայտնի աշխարհակարգում դիրքերի համար», - ասել է նա։
Դեսպանը նշել է, որ մրցակցությունն աճում է և երբեմն ստանում շատ դրամատիկ ձևեր, որոնք միշտ չէ, որ ընդունելի են միջազգային հարաբերությունների դասական դիվանագիտության տեսանկյունից: Նրա խոսքով՝ պայքարը դառնում է բազմակողմանի և զուր չէ, որ ի հայտ է եկել նոր «հիբրիդային պատերազմ» տերմինը, որը դեռ դժվար է ամբողջությամբ հասկանալ:
«Այս պայմաններում ավանդական դաշնակիցների միջև դարերով ստուգված հարաբերություններն է՛լ ավելի արդիական են դառնում։ Մենք՝ համենայնդեպս Հայաստանի ու Ռուսաստանի բնակչության մեծամասնությունը, շատ լավ զգում ենք այս հարաբերությունների արժեքն», - ընդգծել է դեսպանը:
Կոպիրկինն ասել է, որ դա Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր հարստությունն է, որն օգնում է և կօգնի երկրներին առավել հաջողությամբ պաշտպանել իրենց շահերն այս խրթին աշխարհում:
«Բոլորս շատ լավ հիշում ենք մեկ տարի առաջ տեղի ունեցած այդ դրամատիկ իրադարձությունները: Հայաստանի և հայ ժողովրդի համար այդ ծանրագույն ժամանակահատվածում Ռուսաստանը նրան աջակցեց, և գործնականում, Ռուսաստանը միակն էր, ով Հայաստանի կողքին էր», - ասել է նա:
«Ծեծված, բայց դրանից ճշմատությունը չկորցրած ասացվածք է․ «ընկերը նեղության մեջ է ճանաչվում»։ ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը նշեց, որ նոր իրողությունները երկկողմ հարաբերություններում այլ մոտեցում են պահանջում։
«Պատմության մեջ արմատացած և արդի ժամանակների մարտահրավերներին համապատասխանող այդ շատ խորը հարաբերությունների համալիրը, մեր ընդհանուր ինտեգրացիոն կառույցների շրջանակներում երկկողմ հարաբերությունները մեր ընդհանուր հարստությունն են», - ասել է նա: