Բավ է պառակտվել
08-09-2020 21:25

Երևանի քաղաքապետը հիվանդ էր, բայց փոխքաղաքապետ ընտրեցին

Ավագանու այսօրվա նիստը վարել է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քանի որ քաղաքապետ Հայկ Մարությանը վատառողջ լինելու պատճառով չի մասնակցել նիստին։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական Սերգեյ Ներսեսյանը այսուհետ զբաղեցնելու է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը։ Սակայն նրա ինքնակենսագրականում բացակայում էր հենց այդ դրվագը, ինչն էլ նկատեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը։
«Այն պատգամավորը, որի օգնականը եղել եք ԱԺ-ում, երբեք ակտիվ չի եղել, աչքի չի ընկել իր նախաձեռնություններով, հետևաբար ինչ նախաձեռնություններում է վերջինս եղել ընդգրկված եղել»,–հարցրեց Առաքելյանը ։
«Ես 5-6 ամիս է, ինչ աշխատում եմ ԱԺ-ում, ինչը համընկել է պանդեմիայի հետ, այդ պատճառով էլ շատ ակտիվ չենք կարողացել աշխատել։ Մենք չենք կարողացել ավելի արդյունավետ ներկայացնել այն նախագծերը, որոնք գտնվում էին մշակման փուլում։ Կոնկրետ այդ ընթացքում ես ավելի շատ խորհրդատվական ծառայությունների մասով եմ ունեցել իմ լուման»։
Սերգեյ Ներսեսյանը փոխարինելու է Հայկ Սարգսյանին, որը պաշտոնից հեռացել էր հուլիսին։ «Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը հիշեցրեց, որ նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում իրականացրել է մի շարք գործարքներ, որոնք հանրության մեջ հայտնի են «Շինթույլտվություն՝ «ԿամԱԶ»-ների դիմաց»։ Եթե նման խնդիր առաջադրվի քաղաքապետի կողմից՝ քննարկելու՝ տալ կամ չտալ որևէ շինթույլտվություն և դրա դիմաց ստանալ որևէ գույք համայնքին, կհամաձայնի՞ արդյոք այդ գործառույթն իրականացրել։
«Ցանկացած հանձնարարական իմ վերադասի կողմից, որը չի խախտում օրենսդրական պահանջները, օրենքի տառին համապատասխան է, միանշանակ արվելու է: Ես սովոր եմ իմ ամբողջ աշխատանքային կարիերայի ժամանակահատվածում, որ եթե ունենք խնդիրներ, ապա այդ խնդիրը, կապ չունի՝ վերաբերում է ֆինանսական բլոկի՞ն, թե՞ ոչ, եթե թիմ ենք, մենք պետք է լուծենք այդ խնդիրները բոլորս միասին: Ես տվյալ գաղափարի կողմնակից եմ»։
«Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանն էլ սոցցանցերում փնտրել ու չի գտել նոր փոխքաղաքապետին, նրան հորդորում է ավելի ակտիվ լինել սոցցանցերում, քանի որ քաղաքացիները շատ հարցեր են ունեն նրան տալու։
Իսկ Թեհմինա Վարդանյան էլ հույս հայտնեց, որ ի տարբերություն նախկին փոխքաղաքապետի, ընդդիմության ներկայացրած նախագծերի հանդեպ հետևողական կլինի։ Ներսիսյան էլ խոստացավ։
«Եթե Ձեր հավանությանը արժանանամ, միանշանակ ոչ մի խտրականություն չի կարող լինել»։
«Իմ քայլ»–ում նորընտիր պաշտոնյային հավաստիացրեցին, որ ունենալու է 67 զույգ ձեռք, որոնք օգնելու են իրեն։ Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ասաց, որ այն այն անցած ճանապարհը, որն անցել է Ներսեսյանը մասնավոր հատվածում, կկարողանա ներդրում ունենալ Երևան համայքնում։
Ներսեսյանը 47 ձայն և մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց փոխքաղաքապետ։ Վերջինս Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը։ Տարբեր տարիների մասնավոր ընկերություններում աշխատել է որպես հաշվապահ։

Փոխքաղաքապետին ընտրելուց հետո ավագանին անցավ օրակարգային այլ հարցերին։ Երևանի Զաքիյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքիյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում տեղադրվելու է 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան։ Հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ Կառավարությունը Երևան համայնքին հատկացրել է 2 մլն դրամ: ուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող է ճանաչվել Ալբերտ Հրաչի Վարդանյանի հեղինակային նախագիծը:


Մեկ այլ որոշմամբ էլ Մարզահամերգային համալիրի տարածքում կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը։

 

 

Արմինե Գևորգյան