Բավ է պառակտվել
15-09-2020 17:11

ԱԺ-ն ընտրեց երեք նոր ՍԴ-ի դատավոր

Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվերակությամբ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց առաջադրված բոլոր երեք թեկնածուներին։
Ինչպես հայտարարեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը, երեք թեկնածությունների քվեարկությանն էլ մասնակցել են 88 պատգամավորներ:

Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանի օգտին են քվեարկել 84, դեմ՝ 2 պատգամավորներ, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Հայաստանի նախագահի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանի օգտին՝ 86, դեմ՝ 1 պատգամավորներ, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, Կառավարության կողմից առաջադրված Էդգար Շաթիրյանի օգտին՝ 85, դեմ՝ 3 պատգամավորներ:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ՍԴ դատավորները լիազորությունները կստանձնեն խորհրդարանում երդման պահից:

Նշենք, որ ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 88–ը։ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը` այդ գործընթացը հակասահմանադրական համարելով։
Հիշեցնենք` հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց ՍԴ մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով կասեցվում են Սահմանադրական դատարանի` 12 տարի պաշտոնավարած 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։