Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրաժարվել է Երեւան այցից՝ վատ ինքնազգացողության պատրվակով: Նախօրեին նրա մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ «մրսածության հետ կապված» Նազարբաևը բուժում է ստանում:
Նախագահի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայի խոսքով՝ պետության ղեկավարի վիճակն անհանգստության տեղիք չի տալիս: «Նա մրսածության հետ կապված պլանային բուժում է անցնում, ընդհանուր առմամբ նրա առողջական վիճակը որեւէ անհանգստության տեղիք չի տալիս»,- ասել է մամուլի քարտուղարը:
Ուկիբայը նաև հաստատել է, որ առողջական վիճակի հետ կապված՝ միջազգային միջոցառումներին նախագահի մասնակցությունը չեղարկվել է: Երևանում նրան կփոխարինի վարչապետ Բակըտժան Սաղինթաեւը:
«Որոշ փոփոխություններ են մտցվել, եւ մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջ միջազգային միջոցառումներին պետության ղեկավարի մասնակցություն չի ծրագրվում: Երեւանում ՀԱՊԿ շրջանակում նախանշված նիստերին կմասնակցի Ղազախստանի վարչապետը»,- ասել է Ուկիբայը: