Բավ է պառակտվել
24-12-2021 19:22

Ինչի՞ մասին են առանձնազրույց ունեցել Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում. Հայաստանի վարչապետը մանրամասներ է բացահայտել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը կայացած առցանց մամլո ասուլիսի ժամանակ խոսել է դեկտեմբերի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած առանձնազրույցի մասին։

Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դուրս է եկել սենյակից՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ առանձին խոսելու համար:

«Առանձնազրույցի ընթացքում քննարկվել է նույնն, ինչ մինչ այդ և հետո։ Այնպես չէ, որ Շառլ Միշելը 20 րոպեով դուրս եկավ սենյակից, և մենք ասացինք. «ահա, Շառլ Միշելը գնաց, հիմա քննարկենք այն, ինչ պիտի քննարկեինք, բայց չենք արել։ Խոսակցությունը շարունակվեց, մենք շարունակեցինք քննարկել մեր օրակարգային հարցերն»,- ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ զրույցի դինամիկայի և բովանդակության մեջ փոփոխություններ չեն եղել, քանի որ օրակարգային հարցերը քննարկվել են նաև Շառլ Միշելի ներկայությամբ։

«Այս 15-20 րոպեն, հիմա չեմ հիշում, հնարավոր է՝ կես ժամը, ոչնչով չէին տարբերվում նախորդ խոսակցությունից»։

Եռակողմ հանդիպումը Բրյուսելում

Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը հաստատվել է երկաթուղու վերագործարկումը միջազգային սահմանային և մաքսային կանոններին համապատասխան՝ փոխադարձության սկզբունքով՝ երկրների ինքնիշխանության և իրավասության ներքո։

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են սահմանին դեէսկալացիայի անհրաժեշտության մասին՝ նախքան սահմանագծման և սահմանազատման բանակցությունների մեկնարկը։ Եվրամիությունը փորձագետների առաքելություն կտրամադրի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերը լուծելու համար։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի երկու եռակողմ հայտարարությունների շրջանակներում ստանձնած առանցքային պարտավորությունները կկատարվեն, և որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն։

Միշելը կոչ է արել ամբողջական և շուտափույթ լուծում տալ բոլոր հումանիտար խնդիրներին, ինչպիսիք են գերիների ազատ արձակումը և անհայտ կորածների ճակատագիրը, միաժամանակ գիտակցելով, որ երկու կողմերի մարդասիրական ժեստերը նաև նպաստում են վստահության ձևավորմանը և օգնում են բարենպաստ միջավայր ստեղծել խաղաղության և հաշտեցման համար: