Բավ է պառակտվել
12-01-2022 16:41

ԵԱՀԿ-ն կոչ է անում Երևանին և Բաքվին զերծ մնալ ուժի կիրառումից և երկխոսություն սկսել

ԵԱՀԿ-ն կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։

Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի խոսնակ, ԵԱՀԿ-ում Լեհաստանի մշտական առաքելության երկրորդ քարտուղար Բարտոշ Կեմպինսկին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է ԵԱՀԿ նախագահությունը գնահատում հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ռազմական սադրանքը, որի հետևանքով հայկական կողմը մարդկային կորուստներ է կրել։

«Մենք ուշադրությամբ հետևում ենք իրադրությանը Հարավային Կովկասում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ Լեհաստանը, որպես ԵԱՀԿ նախագահող, մտադիր է աշխատելու գործընկերների հետ՝ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը և կայուն զարգացմանը միտված մեր ջանքերը նորացնելու և ամրապնդելու նպատակով։ Այդ առումով մենք աջակցելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին», - ասել է նա։

Նոր լարվածություն

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 11-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական ​​դիրքերի ուղղությամբ։ Հակառակորդի կրակը ճնշվել է հայկական կողմի պատասխան գործողություններով.

Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը վերսկսել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հայկական դիրքերի գնդակոծությունը՝ կիրառելով հրետանի և անօդաչու թռչող սարքեր։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է երեք զինծառայողի զոհվելու և մի քանի զինծառայողի վիրավորվելու մասին։