Բավ է պառակտվել
23-09-2022 15:41

ԵԱՀԿ-ն պետք է ակտիվանա. ԵԱՀԿ «Եռյակի» նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական էսկալացիան

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն և կազմակերպության «Եռյակը» ներկայացնող Շվեդիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարարներ Անն Լինդեն, Բույարա Օսմանին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունները։

««Եռյակի» նախարարները և գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանում ԵԱՀԿ-ի առավել ակտիվ մասնակցության հնարավորությունները։ Նրանք համաձայնել են ԵՄ աջակցությամբ խաղաղ բանակցությունների հրատապությանը և հիշեցրել տարածաշրջանում ԵԱՀԿ փորձի ու գործիքների մասին»,- ասվում է ԵԱՀԿ կայքում տեղադրված հաղորդագրությունում։

ԵԱՀԿ «Եռյակի» և գլխավոր քարտուղարի հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում։

Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնածավալ ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ՝ կիրառելով խոշոր տրամաչափի զենքեր, հրետանի, հրթիռային համակարգեր և անօդաչու սարքեր։

Ադրբեջանական զինուժը հրետակոծել է Հայաստանի 36 բնակավայր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի այրվել է ավելի քան 190 բնակելի տուն, էներգետիկ ենթակառուցվածքներ, ջրամատակարարման օբյեկտներ, գազատարներ, կամուրջ և ավտոճանապարհներ։

Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվել կամ անհետ կորել է 207 մարդ, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչ, 2 խաղաղ բնակչի գտնվելու վայրը հայտնի չէ։ 293 զինծառայող վիրավորվել է, 20 զինծառայող գերի ընկել։ Ապացույցներ կան ադրբեջանցիների կողմից գերի ընկած կամ վիրավորված հայ զինվորների խոշտանգումների, անդամահատման, և, այսպիսով՝ անօրինական սպանությունների դեպքերի մասին։