Բավ է պառակտվել
08-11-2022 18:24

Ադրբեջանի կողմից Կեչուտի ջրամբարի հրետակոծությունը կարող էր աղետալի հետևանքներ ունենալ շրջակա միջավայրի համար․ Հայաստանի նախագահ

Կեչուտի ջրամբարի հրետակոծությունը ևս կարող էր հանգեցնել մեծաթիվ մարդկային զոհերի, իսկ շրջակա միջավայրի վրա ունենալ աղետալի հետևանքներ։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովում խոսելով շրջակա միջավայրի վրա զինված հակամարտությունների ազդեցության մասին, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Կլիմայի փոփոխությունն ընթանում է նույնիսկ ավելի արագ, քան նախկինում գնահատվում էր: Մարդկությունը ոչ միայն ականատեսն է այս փոփոխության, այլև անմիջապես կրում է վերջինիս ազդեցությունը. վտանգված են էկոհամակարգերը, սպառվում են ջրային ռեսուրսները, առավել հաճախակի են դառնում ջրհեղեղները, փոթորիկները, անտառային հրդեհները, տապի ու երաշտի դեպքերը: Մենք բոլորս քաջատեղյակ ենք շրջակա միջավայրի, վերջինիս ռեսուրսների ու արտադրողականության վրա ունեցած հակամարտությունների կործանարար ուժի մասին»,- ասել Խաչատրյանը։

Նրա խոսքով, պատերազմի ազդեցությունն էկոհամակարգերի վրա տարբեր է և պայմանավորված է հակամարտության ծավալով և տևողությամբ, ինչպես նաև կիրառված զենքի տեսակներով:

«Ցավոք, վերջերս Հայաստանն առերեսվեց նման մարտահրավերի։ Այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանն ագրեսիա նախաձեռնեց՝ թիրախավորելով Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան շրջանների խիտ բնակեցված քաղաքները, այդ թվում՝ Ջերմուկ քաղաքը, որը հայտնի է որպես լեռնային սպա և բժշկական զբոսաշրջության վայր, ենթարկվել էր ծանր հրթիռակոծության: Նշված շրջանների դեմ ռազմական գործողությունները, ուղեկցվել էին լայն սպառազինության, այդ թվում՝ հրետանային և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, զգալի վնաս պատճառելով եզակի բնապահպանական համալիրին»,- ասել է Խաչատրյանը: