Բավ է պառակտվել
07-12-2015 09:49

«Ընտրակեղծիքների ծավալը հասնում է կես միլիոն ձայնի».Լևոն Զուրաբյան

«Ոչ»-ի շտաբի պետ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գնահատականներով ընտրակեղծիքների ծավալը հասնում է կես միլիոն ձայնի: Նրա գնահատականով այդ մասին վկայում է քվեարկության մասնակիցների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թիվը՝ շուրջ 1 միլիոն 300 հազար մարդ, և շարունակեց․  «Ես ուզում եմ հիշեցնել բոլորիդ, որ Հայաստանն ունեցել է չորս սահմանադրական հանրաքվե: 1995 թվականին պաշտոնական մասնակցության թիվը եղել է 1 միլիոն 200 հազար, 2003 թվին եղել է 1 միլիոն 200 հազար, 2005 թվին՝ դա այն հանրաքվեն էր, երբ ընդդիմությունը հայտարարեց բոյկոտ, ժողովուրդը ընդհանրապես չգնաց տեղամասեր, բոլորը այդ օրը ցույց էին տալիս դատարկ տեղամասերը, բայց իշխանությունը հայտարարեց 1 միլիոն 500 հազար մասնակցություն, այսինքն՝ դա ընդհանրապես նկարած թիվ էր: Եվ ահա այդ թվերից հետո, երբ պաշտոնական տվյալների համաձայն 300 հազար մարդ գնացել է Հայաստանից, պատկերացրեք, որ կայանում է սահմանադրական հանրաքվե, որին մասնակցում է 1 միլիոն 300 հազար մարդ: Դա, ինչպես բոլորդ հասկանում եք, անհամատեղելի է ժողովրդագրական ցուցանիշների հետ»: Միևնույն ժամանակ, ըստ Լևոն Զուրաբյանի, «ճակատամարտը վերջացած չէ»: «Ամենապարադոքսալը այն է, որ հակառակ այդ բոլոր մեքենայությունների, հակառակ այդ ամբողջ ծավալի, կատարվեց այն, ինչի մասին մենք ասում էինք և կազմակերպում էինք և ժողովրդին փորձում էինք համոզել: Այսինքն, եթե ժողովուրդը 95 տոկոսով գնում է, զանգվածաբար քվեարկում է «ոչ», ոչ մի ընտրակեղծարարություն դրա դեմը չի կարող առնել», - վստահեցրեց նա՝ հրապարակելով իրենց ձեռքի տակ եղած տվյալները, որոնք, «Ոչ»-ի շտաբի պետի պնդմամբ, ապացուցում են, որ «Ոչ»-ը հաղթանակ է տանում մեծ թվով տեղամասերում: