Բավ է պառակտվել
31-03-2022 11:27

Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է ԼՂ–ի և ՀՀ–ի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել. Նիկոլ Փաշինյան

Կառավարության հերթական նիստի մեկնարկին, ինչպես և նախորդ անգամ, Նիկոլ Փաշինյանը երկար նախաբանով անդրադարձավ անվտանգային մարտահրավերներին:
Այս անգամ գործադիրի ղեկավարը հիշեցրեց Անվտանգության խորհրդի մարտի 28-ի հայտարարությունը՝ նկատելով, որ դրանում շեշտվում են Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում ձեռնարկելու նպատակները:

«Արձանագրել էինք, որ նման զարգացումների բավական մեծ հավանականություն կա նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այս հայտարարությունը բնականորեն լրացուցիչ հարցեր է առաջացրել, և ուզում եմ հանդես գալ մի շարք պարզաբանումներով և հիմնավորումներով, որպեսզի թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային հանրության համար տարածաշրջանում հաստատված իրադրությունն առավել պարզ լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ապա ներկայացնելով պարզաբանումները՝ արձանագրեց, որ ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ և դրա ընթացքում, այնպես էլ՝ պատերազմից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի բովանդակության ձևավորման քաղաքականություն:
«Դա նախ՝ դիվանագիտական և կամ հանրային հարթակ է նետում թեզեր, առաջարկություններ կամ մեկնաբանություններ, ապա՝ Հայաստանին մեղադրում է այդ թեզերին, առաջարկություններին, կամ մեկնաբանություններին չարձագանքելու կամ ապակառուցողական կերպով արձագանքելու, կամ դրանք մերժելու մեջ, ապա Հայաստանին վերագրում է ինչ-որ խոստումներ, բանահյուսում ինչ-որ պայմանավորվածություններ:

Հետո այս խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրվում է ապակառուցողականություն, մերժողականություն, խոստումները չկատարելու, պայմանավորվածությունները չպահելու գործելակերպ, ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդեն արդարացվում են վերը նկարագրված խոսույթով և բանաձևումներով:
Բազմիցս կրկնված այս գործելակերպը շարունակվում է նաև հիմա, և ակնհայտ է, որ Ադրբեջանը դրանով փորձում է Լեռնային Ղարաբաղի և ՀՀ-ի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել: Եվ իմ այսօրվա նպատակն այդ խոսույթի անհիմն և ոչ լեգիտիմ լինելն ի ցույց դնելն է»,- հավելեց Փաշինյանը:

Վերը նշված համատեքստում, ըստ վարչապետի, երբեմն էական դերակատարում է ստանում ապատեղեկատվությունը՝ ֆեյք նյուզը, իսկ որպես օրինակ՝ նա նշեց այժմ դաշտ նետված նմանատիպ տեղեկությունները. «Արևմտյան աշխարհում լայնորեն շրջանառվում է ադրբեջանական աղբյուրների հեղինակած այն կեղծ տեղեկատվությունը, թե իբր Հայաստանն իր ունեցած 4 ՍՈւ 30 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները տրամադրել է Ռուսաստանին՝ Ուկրաինայում օգտագործելու համար:

Սա, իհարկե, աղաղակող ապատեղեկատվություն է, և մեր ՍՈՒ-երը Հայաստան ներկրվելու օրվանից մեր երկրի սահմանները ոչ մի անգամ չեն լքել:
Նույն կերպ իբրև ճշմարտություն է հրամցվում նաև այն կեղծ լուրը, թե Հայաստանի տարածքով վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում Ուկրաինա: Ցանկացած քիչ թե շատ տեղյակ մարդ գիտի, որ Հայաստանը, որ 2 տարի առաջ ինքն է տուժել պատերազմում իր դեմ վարձկան ահաբեկիչների ներգրավումից, երբեք չի կարող նպաստել այլ վայրերում նրանց ներգրավմանը, և սա կատարելապես անհեթեթ տեղեկատվություն է»: