Բավ է պառակտվել
24-01-2020 15:07

Ակնհայտ է, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում.փաստաբան


Չգիտեմ՝ քննիչները ինչ են փնտրում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում։ Իմ գնահատմամբ՝ փնտրում են աղաղակող ինչ-որ բան, որ կարողանան հանրությանը մատուցել այս պրոցեսի իրական լինելը, լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմի անդամ Միհրան Պողոսյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ առանձնահատուկ ոչինչ չի հայտնաբերվել։
«Ակնհայտ է, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում տարբեր ռեպրեսիվ մեթոդներով,քանի որ քրեական դատավարության օրենսգիրքը պետք է բնակարանի խուզարկությունից առաջ ծանոթացնի որոշմանը։ Քննիչի նկատմամբ մենք որևէ վստահություն չունենք։ Որոշումն ամբողջությամբ չի ընթերցվել։ Քննիչն իր նախընտրած արտահայտություններն է արտաբերել», - ասաց Միհրան Պողոսյանը։
Փաստաբանի խոսքով՝ ինքը և Հրայր Թովմասյանն ամբողջությամբ չեն ծանոթացել որոշմանը։

«Սա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ ընթերականներն են նշում, որ սա քաղաքական գործ է»,-ասաց նա՝ որպես ապացույց նշելով, որ քննիչը հասարակ խուզարկությունը սկսկում և իրականացնում է խախտումներով։
Պողոսյանի խոսքով բնակարանում են նաև ոստիկանության աշխատակիցներ, որոնք որևէ փաստաթուղթ խուզարկություն կատարելու իրավասության մասին չեն ներկայացրել։

«Այս պրոցեսին գոնե ինչ-որ օրինականության շղարշ հաղորդելու համար, մենք միջնորդել ենք, որ ամբողջ պրոցեսը տեսաձայնագրվի, որ հետագայում քրեական գործում երևա, թե ով ինչ գործողություն է կատարել։ Քննիչը հայեցողական կերպով բանավոր կարգով մերժել է միջնորդությունը, քանի որ ակնհայտ է, որ ապօրինություններ էր կատարում։ Սակայն իր նախընտրությամբ, խախտելով պարոն Թովմասյանի անձնական կյանքի գաղտնիությունը, լուսանարներ էր անում»,-ասաց փաստաբանը։

Արդեն մի փոքր ավելի ուշ երբ խուզարկությունն, ըստ էության, ավարտվեց, Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի մեկ այլ անդամ Ամրամ Մակինյանը լրագրողներին ասաց որ ոչինչ չի հայտնաբերվել:
«Ինչ որ փնտրում էին Հրայր Թովմասյանի բնակարանում՝ չի հայտնաբերվել, քանի որ Հրայր Թովմասյանի բնակարանում չէր կարող լինել», - ասաց Ամրամ Մակինյանը։
Վերջինս նշեց,որ ՀՔԾ քննիչները փաստաթղթեր են փնտրել, որոնք, սակայն, չեն գտել։ Վերջինս ընդգծեց, որ քննիչներն այդպես էլ Հրայր Թովմասյանին չեն տրամադրել դատարանի որոշումը՝ խուզարկություն իրականացնելու վերաբերյալ։

 

 

Արմինե Գևորգյան