Բավ է պառակտվել
29-04-2021 14:45

ՀԱՊԿ-ը պետք է միանշանակ դիրքորոշում հայտնի Ադրբեջանի սպառնալիքներին․ ԱԽ

Հայաստանը ՀԱՊԿ-ի գործընկերներից ակնկալում է աջակցություն գերիներին վերադարձնելու հարցում, ինչպես նաև միանշանակ դիրքորոշում՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքներին։

Հայաստանն ակնկալում է ՀԱՊԿ-ի գործընկերների աջակցությունը գերիներին վերադրձնելու հարցում։ Այս մասին ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին։

«Պետք է կիրառել հնարավոր բոլոր ջանքերն այս հարցը հնարավորինս արագ լուծելու համար»,- ասել է Գրգորյանը՝ դիմելով ՀԱՊԿ գործընկերներին։

Գերեվարված հայ զինծառայողների և Ադրբեջանի կողմից պահվող այլ անձանց վերադարձի հարցը հայկական կողմի ուշադրության կենտրոնում է, ընդգծել է Գրգորյանը։ Ցավոք, ադրբեջանական կողմը շարունակում է շահարկումներ անել այս խնդրի շուրջ և ամեն կերպ խոչընդոտում է նրանց ազատ արձակմանը՝ բերելով անհիմն փաստարկներ և գործընթացը տանելով փակուղի:

Թուրք-ադրբեջանական տանդեմը սանձազերծեց հազարավոր կյանքեր խլած վերջին Ղարաբաղյան պատերազմը։ «Թուրք-ադրբեջանական» որակումը, առաջինտեղում Թուրքիան նշելով՝ պատահական չէ, շեշտել է Գրիգորյանը։

«Այս երկրի կողմից այս պատերազմում ամենալայն ընդգրկումն ունեին թուրքական ռազմական հրահանգիչները, թուրքական հատուկ նշանակության ջոկատները, ահաբեկիչ-վարձկանները, որոնք մինչ այժմ էլ շարունակում են մնալ տարածաշրջանում»,- նշել է ԱԽ քարտուղարը։

Նա ասել է, ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելը և զինադադար հաստատելը հնարավոր եղավ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ: Այս գործընթացում անձնական մեծ ջանք է գործադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս փուլում Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ հիմունքներով պետք է ապահովվի ռուս խաղաղապահների ներկայությունը: Սա է Լեռնային Ղարաբաղում խաղաղության և հայ բնակչության անվտանգության ապահովման երաշխիքը, հավելել է նա։

Նախորդ տարվա պատերազմը ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում Արցախի համար պետք է կիրառվի «Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը փաստացի հանդիսանում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորում և թույլ է տալիս առանձին էթնիկ խմբերին ոչ միայն առանձնանալ որևէ պետությունից, երբ առկա են խտրականության, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման կամ ցեղասպանության ռիսկեր, այլ նաև բացառում է միացումը նման պետության հետ, ասել է Գրիգորյանը։

«Ադրբեջանի նախագահ Ալիևը շարունակում է ցինիկաբար հայտարարել, որ ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին համարում է իր երկրի քաղաքացի: Այս խոսքերի կեղծիքն ակնհայտ է՝ ոչ մի պետություն խաղաղ բնակիչներին չի ոչնչացնի, ռմբակոծի և հրթիռակոծի, եթե նրանց սեփական քաղաքացիներ համարի: «Անջատում հանուն փրկության» սկզբունքը պետք է դրված լինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հայեցակարգի հիմքում, որը չի կարող կարգավորված համարվել, քանի դեռ չի լուծվել Արցախի կարգավիճակի հարցը»,- կարծում է Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով, այսպես կոչված «Ռազմավարի պուրակի» բացումը Բաքվում և բացման ժամանակ Ադրբեջանի նախագահի ելույթը ևս մեկ անգամ հստակ ցուցադրում են, որ վերոնշյալ քայլն ուղղված է պատերազմում զոհվածների, անհայտ կորածների և գերիների հիշատակի հանրային նվաստացմանը: Նման արտահայտումներն անհամատեղելի են առողջ հոգեկառուցվածքի հետ․ դա իրական ֆաշիզմի դրսևորում է:

«75 տարի առաջ մեր հայրերն ու պապերը հաղթեցին ֆաշիզմը: Կարծում եմ, որ մենք՝ որպես նրանց գործի հետնորդներ, պետք է կանխենք վերոնշյալ ֆաշիստական դրսևորումների վերածնունդը։
Ի լրումն այս ամենի, անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահն հայտարարեց, որ եթե Հայաստանը Սյունիքի մարզով Ադրբեջանին դեպի Նախիջեւան միջանցք չտրամադրի, ապա Ադրբեջանը դա կանի ուժով: Սա ոչ այլ ինչ է, քան ՀԱՊԿ անդամ պետության տարածքային ամբողջականության ուղղակի սպառնալիք, և այդպիսի դեմարշները չպետք է անտեսվեն, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի ագրեսիվ նկրտումները:
Կարծում եմ, որ մեր Կազմակերպությունը միանշանակ դիրքորոշում պետք է հայտնի ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգությանը:ն», - ասել է ԱԽ քարտուղարը:

Նշենք, որ ադրբեջանական կողմը շարունակում է որոշակի թվով հայ ռազմագերիներ պահել երկրում։ Մի շարք միջազգային կազմակերպություններ արդեն հասցեական հայտարարություններ են ուղղել Բաքվին, պահանջելով հայրենիք վերադարձնել ռազմագերիներին և այլ պահվող անձնաց։