Բավ է պառակտվել
12-10-2022 18:55

ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան․ ՌԴ ԱԳ նախարարն առաջարկել է դիտարկել Երևանի և Բաքի հարաբերությունները, հաշվի առնելով շփումները Եվրոպայում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ է իր դիտորդներին Հայաստան ուղարկելու, ինչի համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) որոշումը, ասել է չորեքշաբթի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ՀԱՊԿ արտահերթ գագաթաժողով հրավիրելու Հայաստանի խնդրանքից անմիջապես հետո այն կայացավ, որոշվեց Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին եւ միասնական շտաբի ղեկավարին։ Գնացել են, առաջարկություններ են բերել, որոնք մեր ձեռքում են արդեն ավելի քան մեկ ամիս։ Դրանք հիմնված են Ադրբեջանի սահմանին Հայաստանի տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելության աշխատանքի վրա»,- ասել է Լավրովն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ընթացքում։
Նա նշել է, որ միակ բանը, որ պահանջվում է, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որը պետք է հրավիրի ՀԱՊԿ նախագահը։
Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններում առաջարկել է դիտարկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները՝ հաշվի առնելով ղեկավարների վերջին շփումները Եվրոպայում ։
ԵՄ դեսպանները երեքշաբթի օրը պայմանավորվել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը կտեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելսւ և սահմանների սահմանազատման գործընթացին աջակցելու համար։
Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցած շաբաթ Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների՝ ժամեր շարունակված բանակցությունների արդյունքում։ Բաքուն, որ մինչ այդ մերժել էր Հայաստանի հետ սահմանին զինված ուժեր տեղակայելու Եվրամիության առաջարկը, անզեն առաքելության դեպքում չէր ընդդիմացել, միաժամանակ ընդգծել էր, որ կհամագործակցի «այնքանով, որքանով որ դա տեղին է»:

Ըստ քառակողմ հայտարարության՝ այն պետք է իր աշխատանքը սկսի հոկտեմբերին և գործի երկու ամիս։